Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում այսօր կկայանան Մակրոնի և Պուտինի բանակցությունները


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներից, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներից, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ամառային իր նստավայրում այսօր բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ակնկալվում է, որ Ուկրաինան կլինի նրանց բանակցությունների հիմնական հարցերից մեկը՝ վերահսկելու համար ուկրաինական բանակի և Մոսկվայի աջակցությունը վայելող ռուսամետ անջատականների միջև մահաբեր բախումները:

Այս ամսվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Մակրոնի հետ: Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Պուտինին հորդորել էր ազդեցություն գործել Դոնբասի ռուսամետ անջատականների վրա, որոնց հրետակոծությունների հետևանքով օգոստոսի 6-ին ուկրաինական բանակի 4 զինծառայող է զոհվել: Նույն օրը ավելի ուշ Զելենսկին զանգահարել էր Էմանյուել Մակրոնին՝ հորդորելով «Նորմանդական քառյակի» հանդիպում անցկացնել․ Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ զբաղվող բանակցային այդ ձևաչափում ընդգրկված են Ֆրանսիան, Գերմանիան, Ուկրաինան և Ռուսաստանը: «Նախագահ Զելենսկին առաջարկ է արել, որին, ինչպես մեզ թվում է, նախագահ Պուտինը պետք է որ հավանությամբ արձագանքի», - անունը չհրապարակելու պայմանով France-Presse-ին ասել էր ֆրանսիացի պաշտոնյան, հավելելով, որ ապրիլին Զելենսկիի ընտրությունը «մանևրելու հնարավորություն» է տալիս:

Այսօրվա հանդիպմանը ակնկալվում է, որ Մակրոնն ու Պուտինը քննարկելու են նաև Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված խնդիրներն ու Սիրիայի հակամարտությունը:

Ռուսաստանի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական Յուրի Ուշակովն ասել է, որ վերջին ամիսներին Մոսկվայի և Փարիզի միջև երկխոսությունն ակտիվացել է, և Պուտինի այցը Ֆրանսիա Մակրոնի հետ նրա շփումների տրամաբանական շարունակությունն է:

Նախորդ անգամ Էմանյուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին հանդիպել էր 2017 թվականին՝ ընդունելով նրան Վերսալում, իսկ այսօր Մակրոնը Պուտինին հյուրընկալում է Ֆրանսիայի հարավում գտնվող ամառային նստավայրում:

Մակրոն-Պուտին հանդիպումը տեղի է ունենում Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովից մի քանի օր առաջ: Օգոստոսի 24-26-ը Ֆրանսիան հարավային Բիարից հանգստավայր քաղաքում հյուրընկալելու է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը, որի կազմում են աշխարհի ամենազարգացած ու ազդեցիկ երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները: Մի ժամանակ Ռուսաստանը ևս զարգացած երկրների ակումբի անդամ էր, բայց Ղրիմը բռնակցելուց հետո դուրս մնաց, և G8-ը նորից դարձավ G7:

XS
SM
MD
LG