Մատչելիության հղումներ

«Նպատակահարմար չենք գտել Ծառուկյանին հրավիրել «Իմ քայլը» հանուն Կոտայքի մարզի տնտեական համաժողովին». մարզպետ


«Մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր շահագրգռությունն այն է, որ դուք փող աշխատեք, հետևաբար մենք դա համարում ենք մեր առաքելությունը», - գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս խոսքերով այսօր էլ դիմեց Կոտայքի մարզում կայացած և նոր ներդրումներով հետաքրքրվող գործարարներին: Մարզային տնտեսական համաժողովն այսօր հանուն Կոտայքի մարզի էր:

«Ուզում եմ նաև ընդգծել, որ համաժողովների այս շարքը նույնպես շատ կարևոր է, որովհետև տնտեսության մեջ, ինչպես նաև քաղաքականության մեջ, ինչպես հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում շատ կարևոր է շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը, որովհետև մեր գաղափարները երբեմն և շատ հաճախ և հիմնականում հղկվում և ուժեղանում են այլ գաղափարների հետ շփման մեջ։ Սա իսկապես շատ լավ շփման հարթակ է, և շատ լավ է, որ այս քննարկումների շարքը մենք շարունակում ենք և արդեն հասել ենք Կոտայքի մարզ», - նշեց վարչապետը։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խոսեց մարզի ներդրումային հնարավորությունների, մինչև հեղափոխությունը կայացած տնտեսական ուղղությունների ու հաջողված ձեռնարկությունների պատմությունների մասին: Հեղափոխությունից հետո էլ ներդրումային ծրագրեր են ուրվագծվել, ասաց Պետրոսյանը։ Գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում 25 ներդրումային ծրագիր կա: Վստահեցրեց՝ կյանքի կկոչվեն:

Թե այս համաժողովների արդյունքում և առհասարակ հեղափոխությունից հետո քանի ներդրումային ծրագիր է կյանքի կոչվել, հետաքրքրվեցինք տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից: Ասաց՝ մեկուկես տարին քիչ ժամանակ է ծրագրերը գործուն դարձնելու համար: Նախապատրաստման փուլում են:

«Առարկայական մենք կխոսենք մի քիչ ավելի ուշ, որովհետև բոլոր նման դեպքերում ամենակարևոր հարցը ժամանակն է։ Ներդրումային ծրագրերը մշակվում, իրականացման նախապատրաստաման փուլ են անցնում և հետո դառնում են գործող ծրագիր։ Այսօր մենք լսեցինք 10 հաջողության օրինակներ Կոտայքի մարզում տարբեր ներդրումային ծրագրերի, որոնցից ամենավաղ սկսվածը խոսում է 25 տարի և ավելի շուտ նախաձեռնության մասին աստիճանական աճի և այսօր արդեն շուկայում կայուն դեր զարգացման պլաններում ունեցող ձեռնարկության մասին։ Դրանք բոլորն էլ էն մասին են, որ ներդրումային ծրագրերը նախ և առաջ ակնկալում են մրցակցային միջավայրում հավասարարություն։ Երբ որ բոլոր ներդրողները՝ փոքր, միջին կամ մեծ, վստահ կլինեն, որ պայմանները բոլորի համար լինելու են հավասար մրցակցային, այդ ժամանակ նրանք կսկսեն ավելի մեծ համարձակությամբ առաջ տանել իրենց ծրագրերը։ Միջին ներդրումային ծրագիրը, ես վստահ եմ, որ չի իրականացվում վեց ամսում, բոլոր նման ներդրումային նախաձեռնությունները առնվազն
2-3 տարի առնվազն նախապատրաստման և իրականցման ընթացք են ապրում», - ասաց Խաչատրյանը։

«Իմ քայլը հանուն Կոտայքի» տնտեսական համաժողովին մասնակցելու հրավեր չէր ուղարկվել գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Մարզպետը նպատակահարմար չէր համարել: Ներկա էր Ծառուկյանի մայրը՝ «Մուլտի Ագրո» ընկերության ղեկավար Ռոզա Ծառուկյանը, որը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Ռոմանոս Պետրոսյանը որոշ համայնքապետների էլ չէր հրավիրել, որոնց թվում էին Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը և Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը, որը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է:

«Չեմ հրավիրել, քանի որ Կոտայքի մարզն ունի 67 համայնքներ, եթե մեր 67 համայնքապետներին հրավիրենք, գործարարները, ինչպես տեղավորենք այդ սահմանափակ դահլիճում։ Ֆորումին մասնակցել է ընդամենը 3-4 համայնքների ղեկավարներ, ովքեր որ ունեն կոնկրետ ներդրումային ծրագրեր համայնքի զարգացման իրենց հայեցակարգի շրջանակներում և իրենք նախաձեռնել են այդ ծրագրերի իրագործումը և կառավարության ու գործարարի դատին են ներկայացնում ֆինանսավորում և այլ ֆինանսական աղբյուրներ գտնելու նպատակով», - նշեց Կոտայքի մարզպետը։

«Ազատության» հարցին, որ այստեղ չէր Կոտայքում և Հայաստանում ամենախոշոր գործարարներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, Ծառուկյանին հրավեր ուղարկե՞լ է, Պետրոսյանը պատասխանեց. «Տիկին Ռոզա Ծառուկյանին հրավեր ուղարկել ենք որպես «Մուլտի Ագրո» ընկերության տնօրեն, իսկ առհասարակ ներդրումային այս համաժողովին մասնակցում են փոքր և միջին մասշտաբի գործարարներն ու ներդրումային ծրագրեր իրականացնող գործարարները, ում մենք ներկայացնում ենք այս համաժողովի միջոցով բիզնես գրավչությունները։ Պարոն Ծառուկյանը մեր մարզի բիզնես գրավչություններին շատ լավ տեղյակ է ու շատ վաղուց, այդ իսկ պատճառով պարզապես հրավերի նպատակահարմարություն չեմ գտել այս հարցում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG