Մատչելիության հղումներ

Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի համաժողովին իր ելույթի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր հավաքն առիթ է՝ ևս մեկ անգամ արձանագրելու համար, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր»։

«Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից շարունակած կրթությամբ, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ՝ ամեն ինչում, որովհետև հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը։ Կարծում եմ, որ նաև այս կարգի քննարկումները շատ կարևոր են՝ այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու և այս գաղափարով առաջնորդվելու համար», - ասել է վարչպետը։

Փաշինյանն ընդգծել է, որ համաժողովների այս շարքը շատ կարևոր է, որովհետև տնտեսության, քաղաքականության մեջ, ինչպես հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում, շատ կարևոր է շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը։

«Անհամբերությամբ սպասում ենք՝ ծանոթանալու, թե ինչ հաջողություներ ունեն գործարարները Կոտայքում և անհամբերությամբ սպասում ենք՝ տեսնելու, թե ինչ ծրագրեր ունեն գործարարները Կոտայքում, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել այդ ծրագրերը և եղած հաջողությունները դարձնել ավելի մեծ», - նշել է Փաինյանը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներդրումային ներուժը. ցուցադրվել է մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, ներկայացվել են մարզի հաջողված 10 ձեռնարկությունների պատմությունները։

Տեղի է ունեցել պանելային քննարկում «ՀՀ Կոտայքի մարզի արտադրատնտեսական հնարավորությունները և ներդրումների ներգրավման հեռանկարները» թեմայով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի, «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն, գործարար Հարություն Մնացականյանի և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հայաստանյան համակարգող, «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերության գործընկեր Սևակ Հովհաննիսյանի մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG