Դատական համակարգում Քոչարյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահելու նպատակ չկա, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Փոլադյանի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը գրություն է ուղարկել վճռաբեկ դատարան ու խնդրել երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործից հավելված պատրաստել և ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի էլեկտրոնային համակարգը գործը մեկ այլ դատավորի մակագրելու հնարավորություն տա: Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել գործի քննությունը, քանի որ նրա լիազորությունները դադարեցվել են:
«Ընդամենը այն պարզ պատճառով, որ բոլորի մտահոգությունները վերանան, գործը վճռաբեկ դատարանում է գտնվում, մինչև վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով վերջնական դատական ակտ չկայացվի առաջին ատյանի դատարանում այդ գործը քննվել չի կարող ուղղակի։ Ես չեմ ուզում մտնել դատավարական գործընթացների մեջ, ես ընդամենը ձեզ ներկայացրեցի Դատական օրենսգրքով նախատեսված կարգավորումները և վերահաստատում եմ, որ քանի դեռ գործը վճռաբեկ դատարանից, թե՛ բնօրինակ գործը, թե՛ հավելվածի տեսքով չի գնացել առաջին ատյանի դատարան այդ գործը չի կարող պարզապես վերամակագրվել», - նշեց Փոլադյանը։
Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի՝ Քոչարյանին կալանավորելու և գործը հետ՝ առաջին ատյանի դատարան ուղարկելու որոշումը մեղադրյալի փաստաբանները բողոքարկել են Վճռաբեկում: Փոլադյանն ասում է՝ եթե որոշումը բողոքարկվել է վերադաս ատյանում, որը դեռ դիրքորոշում չի հայտնել, ապա առաջին ատյանի դատարանը ինչպե՞ս կարող է սկսել գործի քննությունը:
«Եթե ոչ այսօր ապա երկուշաբթի կամ երեքշաբթի գործը կուղարկվի վճռաբեկ դատարանից Երևանի դատարան և համապատասխան ընթացակարգը կիրացվի», - ասաց Փոլադյանը։
«Ազատության» հարցին, թե Քոչարյանի փաստաբանները մեղադրում են գործը արհեստական ձգձգելու մեջ, այդ մեղադրանքներին ինչպե՞ս կպատասխանի, դատական դեպարտամենտի ղեկավարն արձագանքեց. «Դրա հասցեատերը կարծում եմ՝ ես չեմ։ Շատ-շատ մարդիկ են դատական համակարգին մեղադրում, ես կարծում եմ, որ դրանք արվում են որոշակի շահերից ելնելով ընդամենը»։
Դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպանները ասում են, որ այդ ձգձգումը արվում է առաջին ատյանում չմակագրելու համար, որ հնարավորինս երկար կալանքի տակ մնա Քոչարյանը, Փոլադյանը պատասխանեց. «Էդպիսի նպատակ դատական համակարգում չկա, վստահեցնում եմ»։
Մարտյան արյունալի դեպքերի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հակադարձում է Փոլադյանին՝ միջանկյալ դատական ակտերը ուժի մեջ են մտնում անմիջապես հակառակ դեպքում Քոչարյանը հիմա ազատության մեջ կլիներ:
«Առաջին ատյանի դատարանը գործը չքննելու իրավական հիմքեր չունի։ Ավելին, վերաքննիչ դատարանի որոշումը հստակ ասում է՝ գործը շարունակել ընդհատման պահից, ինչը ենթադրում էր վերաքննիչ դատարանի որոշումից հետո երկօրյա ժամկետում պետք է որոշումը ընդունել, գործի քննություն նշանակել կամ ինքնաբացարկ հայտնել։ Երկրորդ մասը էս հարցի՝ մակագրել-չմակագրել, գործ ուղարկել, գործ չուղարկել, էստեղ արհեստական օրակարգ է մտնում», - նշեց Օրբելյանը։
Վերջնական որոշումը պետք է կայացնի առաջին ատյանի այն դատավորը, ում կմակագրվի այս գործը: Փոլադյանը վստահեցրեց՝ առաջիկա օրերին արդեն գործի մակագրումը կիրականացվի:
Նշենք, որ Փոլադյանը լրագրողների հարցերին պատասխանեց Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ավարտին: Նիստը սակայն քվորումի բացակայության պատճառով չկայացավ: 90-ից ավելի դատավոր, այդ թվում դատավորների միության և վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը գտնվում են արձակուրդում: Հաջորդ նիստը կարող է գումարվել կա՛մ վերջինիս որոշմամբ, կա՛մ դատավորների 1/3- ի ստորագրությամբ:
Ընդհանուր ժողովը, նշենք իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Հայաստանում կա գործող 234 դատավոր։
«96 դատավոր այսօր բացակայում է գուցե երկրից, գուցե չգիտեմ, ամեն դեպքում աշխատանքային լիազորությունների մեջ չէ, գտնվում է արձակուրդում։ Մնացածները դատարաններում ունեն հերթապահություններ, որոնք որ չեն կարող փակել դատարանը և գալ, մնացածը այստեղ ներկա են», - ասաց Փոլադյանը։
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Տեղը թափուր է մնացել վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո: Առաջադրված թեկնածուները 5-ն են բոլորն էլ արական սեռի ներկայացուցիչ: Գենդերային հավասարություն պահպանելու խնդիր, սակայն, չկա, վստահեցնում է դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
«Օրենքը հնարավորություն է տալիս, որ եթե չկա կին թեկնածու, ապա մրցակցությունը կարող է լինել տղամարդ անդամների միջև, ինչը այս պահին պատրաստվում էինք անել», - ընդգծեց դատական դեպարտամենտի ղեկավարը։