«Պոբեդա» ավիաընկերությունը ձմեռային սեզոնի համար դադարեցրել է դեպի Գյումրի տոմսերի վաճառքը։ Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։
Նրա փոխանցմամբ, ավիաընկերությունը դեպի Գյումրի չվերթներ կիրականացնի միայն մինչև հոկտեմբերի վերջ։ Ավիաընկերությունը հայտնել է, թե թռիչքների կասեցման պատճառը «Շիրակ» օդանավակայանում վառելիքի թերի լիցքավորումն է։
«Տոմսերի վաճառքի վերսկսման հարցը «Պոբեդա»-ն կդիտարկի միայն այն դեպքում, եթե օդանավակայանը հստակ միջոցներ ձեռնարկի. փոխհատուցվի վառելիքի թերի լիցքավորումը և ապագայում թերի լիցքավորումը բացառելու մասին երաշխիքներ տա», - «Ազատության»-ը փոխանցել են ընկերությունից, հավելելով․ - «Վառելիքի թերլիցքավորումը լուրջ սպառնալիք է անվտանգության համար։ Ամեն չվերթի համար հստակ հաշվարկում է անհրաժեշտ վառելիքը, և արտակարգ իրավիճակների դեպքում վառելիքը կարող է պարզապես չբավարարել»։
Այսօր «Պոբեդա»-ն միակ ավիաընկերությունն է, որ համեմատաբար մատչելի տոմսեր է առաջարկում Մոսկվայից դեպի Հայաստան։ Ռուսական միակ լոուքոսթերը դեպի Գյումրի չվերթներ է իրականացնում 2016-ի դեկտեմբերից։ Ավիաընկերությունը շաբաթական տասը չվերթ է իրականացնում, ենթադրվում էր, որ հոկտեմբերի վերջից պետք է լիներ շաբաթական յոթ չվերթ։
Այսօր Մոսկվա-Գյումրի չվերթի չեղարկման մասին գրել են ռուսական բոլոր լրատվամիջոցները։
ՏԱՍՍ, «Նովոստի», «Ինտերֆաքս» գործակալությունները, վկայակոչելով «Պոբեդա»-ի իրենց աղբյուրը, գրում են, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանին՝ թերի լիցքավորման խնդիրը կարգավորելու պահանջով, սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցները բավարար չէին և թերի լիցքավորումը շարունակվում է։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ», - ասված է հայտարարությունում:
Ընկերությունը նաև պնդում է, որ «Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել: