«Պոբեդա» ավիաընկերությունը այսօր վերսկսում է Մոսկվա-Գյումրի տոմսերի վաճառքը: Այդ մասին ընկերության ներկայացուցիչը հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությանը:
«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի չվերթների վաճառքը․ օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքով լիցքավորման գործընթացի որակի վերահսկողության ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կթռչեն Գյումրի», - ասել է «Պոբեդա»-ի ներկայացուցիչը:
Ավիաընկերությունը օգոստոսի 6-ին դադարեցրել էր դեպի Գյումրի տոմսերի վաճառքը ձմեռային սեզոնի համար՝ որպես պատճառ նշելով «Շիրակ» օդանավակայանում վառելիքի թերի լիցքավորումը։
Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն իր նամակում, որին ծանոթացել է ՏԱՍՍ-ը, օդանավակայանի անունից ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերի լիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն»: «Ապագայում նման միջադեպերի բացառման լիակատար երաշխիք ենք տալիս», - ասված է նամակում:
«Պոբեդա»-ն միակ ավիաընկերությունն է, որ համեմատաբար մատչելի տոմսեր է առաջարկում Մոսկվայից դեպի Հայաստան։ Ռուսական միակ լոուքոսթերը դեպի Գյումրի չվերթներ է իրականացնում 2016-ի դեկտեմբերից։ Ավիաընկերությունը շաբաթական տասը չվերթ է իրականացնում, իսկ հոկտեմբերի վերջից նախատեսվում է շաբաթական յոթ չվերթ։