Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրավապահներին կարգադրել է ստուգել վարկածը, որի համաձայն՝ Սիբիրում մոլեգնող հրդեհները ոչ թե բնական աղետ են, այլ՝ միտումնավոր հրկիզումների արդյունք:
Ըստ մամուլում տարածված հաղորդագրությունների, անտառները կարող էին հրկիզել ապօրինի անտառահատման ծավալները թաքցնելու համար: Զեկույցը պետք է պատրաստ լինի մինչև նոյեմբերի 1-ը:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զինված ուժերը միացել են հրդեհաշիջման աշխատանքին Կրասնոյարսկի երկրամասում: Զինվոորականները հրդեհների շրջան են ուղարկել 10-ական օդանավ և ուղղաթիռ:
Մինչդեռ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ստորաբաժանումները շարունակում են հրդեհները մարելու աշխատանքը:
Այսօրվա դրությամբ հրդեհված է ավելի քան 3 միլիոն հեկտար տարածք (30 հազար քառակուսի կիլոմետր), ինչը մոտավորապես հավասար է Բելգիայի տարածքին:
Տեղական իշխանությունների կարծիքով, հրդեհի պատճառ կարող են լինել կայծակները և երաշտը, սակայն «Գրինփիս»-ի ակտիվիստների պնդում են, որ հրդեհները կլիմայի փոփոխության հետևանք են: