Մատչելիության հղումներ

Հայաստանը փորձում է տարանցիկ օդային փոխադրումների կենտրոն դառնալ Ռուսաստանի և Վրաստանի միջև


Ռուս-վրացական վերջին զարգացումներից հետո Հայաստանը փորձում է տարանցիկ օդային փոխադրումների կենտրոն դառնալ Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանի խոսքով՝ ավիաընկերությունների միջև արդեն իսկ սկսվել են քննարկումներ, թե ինչ տարբերակներով է հնարավոր Հայաստանով Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցություն իրականցնել։

«Տարբերակներ կան, որ Վրաստանից ավոտբուսներով բերեն դեպի Երևան ուղևորներին և հակառակը, այնուհետև թռիչքներ իրականացնել Երևանից կամ Գյումրուց։ Տարբերակներ են քննարկվում նաև, որ մենք ունենք Georgian Airway, որը թռնում է Թբիլիսի-Երևան ուղղությամբ շաբաթական 7 հաճախականությամբ, կրկնապատկել այդ չվերթների հաճախականությունը և, հետևաբար, դառնալ տրանզիտ տարբերակով, այսինքն՝ Թբիլիսի-Երևան, այնուհետև ռուսական ավիաընկերություններով դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ», - նշեց Փայասլյանը։

Հուլիսի 8-ից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արգելանքով Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթները կդադարեցվեն։ Պուտինը նման արգելք էր դրել Թբիլիսիում կազմակերպված հակառուսական ցույցերից անմիջապես հետո։ Վրաստանի մայրաքաղաքում դժգոհության ալիք էր բարձրացել, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։

Հայաստանում այժմ քննարկվում է նաև երկաթուղու տարբերակը. թռիչքներ Ռուսաստանից դեպի Գյումրի, Հարավկովկասյան երկաթուղով էլ Գյումրիից Թբիլիսի ուղևորափոխադրումներ։ Հայաստանի վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի տեղեկացմամբ՝ դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնող վրացական ավիաընկերություններն արդեն պատրաստվում են Հայաստանով չվերթներն իրականացնել։

«Գլխավոր փոխադրողն էնտեղ Georgian Airway-ն է` Airzena-ն։ Airzena-ն հանդիսանում է հայկական «Արմենիա» ավիաընկերության գործընկերը և քույր ձեռնարկությունը։ Նրա բոլոր չվերթները կկատրավեն կամ Գյումրիով կամ Երևանի Զվարթնոց օդանավակայանով», - ասաց Ճաղարյանը։

Հայաստանում գործող «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ընկերությունները վարչապետի խորհրդականի հետ քննարկման ժամանակ պատրաստակամություն են հայտնել Թբիլիսիի և Մոսկվայի միջև օդային հաղորդակցություն կազմակերպելու համար։ Արդյո՞ք արդեն չվացուցակնները հաստատվել են, 3 ընկերություններից դեռ հստակ պատասխան չի տրվում։ Սակայն «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր, որ «Արմենիան» ծրագրում է հուլիսի 9-ից օրական 2 չվերթ Երևան-Մոսկվա-Երևան, Մոսկվա-Երևան-Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղություններով։ Վարչապետի խորհրդականը մտավախություն ունի՝ ռուսական հիմնական ավիափոխադրողները հնարավոր է Ադրբեջանի միջոցով թռիչքներ իրականացնեն դեպի Թբիլիսի։

«Հիմնական ռուսական ավիափոխադրողները ունեն գործընկերական և ինտերլայն պայմանագրեր «Ազալ»-ի հետ, և կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կօգտագործի այդ հնարավորությունները այդ ընկերությունների թռիչքները համակցելու հնարավոր է Գանձակի օդանավակայանում», - ընդգծեց Ճաղարյանը։

Ի դեպ, ռուսական պետական «Վեստի 24» հեռուստաալիքով մեկնաբանը հայտնել էր, թե օդային փոխադրումները Մոսկվայից Թբիլիսի Բաքվի միջոցով կրկնակի էժան կարժենան, քան Երևանով։ Հայաստանում դեռ հաշվարկներ չկան, սակայն վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանն այդքան էլ իրականությանը մոտ չի համարում ասվածը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG