Կառավարությունը միաձայն ընդունեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագիծը։
Նախքան քվեարկությունը հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ նախագիծն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանինն ու Վարազդատ Կարապետյանինն է։
Գասպարյանը տեղեկացրեց, որ պատգամավորներն առաջարկել են նվազագույն աշխատավարձը դարձնել 63 հազար, սակայն, հաշվի առնելով իրականացված մի քանի ուսումնասիրությունները և նվազագույն սպառողական զամբյուղը, նախարարությունը միջին թիվ ստացել է 68 հազար դրամ։
«Մենք առաջարկում ենք, որ ոչ թե 63 հազար դրամով դրական կարծիք տանք, այլ 68 հազար դրանով, և հետո երբ որ արդեն Ազգային ժողովում կքննարկվի այս հարցը, մենք կաշխատենք մեր գործընկերների հետ վերջնական քայլերի վրա», - ասաց Գասպարյանը։
Վարչապետը նշեց՝ սողանցքները բավականին մեծ են հատկապես մասնավոր ոլորտում։ «Պետական կառավարման համակարգում դա հստակ կբարձրանա, իսկ մասնավոր ոլորտում պետք է իսկապես կարգավորումներն այնպես անել, որ իրականության մեջ բարձրանա այդ աշխատավարձը», - ասաց Փաշինյանը։
Կառավարությունը նախագիծը կուղարկի Ազգային ժողով՝ հաստատման։