Մատչելիության հղումներ

Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ


Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է, ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաքննիչի որոշման կապակցությամբ տարածած հայտարարությունում։

«Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում», - նշված է հաղորդագրությունում:

Հայտարարությունում ասված է, որ նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է, որով փորձ է արվում նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:

Ըստ ՀՀԿ պաշտոնական կայքէջի, տարածված հաղորդագրությունում նշված է, որ նման զարգացումները վնաս են հասցնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և միջազգային վարկանիշին. «Առնվազն զավեշտալի են իշխանական քարոզչական մեքենայի ջանքերը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումը բացատրել Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ չգտնվելու հանգամանքով»:

«Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։ Այսպիսի որոշումները ապացուցում են, որ ազդարարված դատաիրավական բարեփոխումների և դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին հայտարարությունները կեղծ են։ Հանրապետականն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG