«Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք և այն դարձնենք ավելի արդյունավետ», - այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում:
Փաշինյանը նշել է, որ ուրախ է Սինանյանի Հայաստանում աշխատանքի անցնելու առիթով՝ ընդգծելով. «Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և ընդհանրապես մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում»:
Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել. «Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ, ինչպես Դուք նշեցիք, մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Այնտեղ էլ շատ խնդիրներ կան, և ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեության վերաբերող հարցեր:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը այսօր նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: