Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակի օրն անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները` հաստատելով գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հաղթանակը:
ԿԸՀ-ն այսօր հայտարարել է, որ Տոկաևը ստացել է քվեների 70,96 տոկոսը։ Նախկին լրագրող Ամիրջան Կոսանովը երկրորդ տեղում է՝ նա ստացել է ձայների 16,23 տոկոսը:
Ընտրությունները ստվերվեցին հարյուրավոր խաղաղ ցուցարարների ձերբակալություններով: Ըստ Ղազախստանից այս գիշեր ստացված հաղորդումների, ձերբակալությունները շարունակվում են։ Իշխանությունները երկրի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ալմաթիում ձերբակալություններ են սկսել, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել են՝ բողոքելու ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Ըստ միջազգային դիտորդների՝ Ղազախստանի նախագահի ընտրություններն ուղեկցվել են աղաղակող խախտումներով: