Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարության առաջնային ուղղություններից մեկն է, և Հայաստանը կարևորում է այդ բնագավառում Իսրայելի հետ համագործակցությունը, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Կառավարության պաշտոնական կայքէջի, Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության նպատակն է տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտն ու այդ նպատակով գործադիրն իր գործիքակազմերով անելու է ամեն ինչ՝ խթանելու ոլորտի զարգացումը:
Վարչապետն Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, և իսրայելական ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը։
Ահարոն Ահարոնը նշել է ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ ներուժը և այդ առումով կարևորել մասնավոր հատվածների միջև գործակցությունն ու կապերի ընդլայնումը:
Նրա խոսքով` բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական գործակցությունը կարող է ունենալ մեծ հեռանկարներ: Ահարոնը հավելել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու ամրապնդմամբ:
Փոխգործակցության առումով Ահարոն Ահարոնն առաջարկել է դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը և միջպետական պայմանագրի ստորագրումը:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի առաջարկները և կարևորել այդ ուղղությամբ առաջիկայում գործնական քայլեր իրականացումը: