Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով գործը պատահականության սկզբունքով՝ էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին, «Ազատությանը» փոխանցեցին Դատական դեպարտամենտից։
Այսօր Գլխավոր դատախազությունը հաստատել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին առնչվող Մարտի 1-ի 2008-ի արյունալի իրադարձությունների քրեական գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկել առաջին ատյանի դատարան։
Դեռ մեկ շաբաթ առաջ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործից անջատված մասով այս գործն ուղարկել էր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու։
Մարտի 1-ի գործով մեղադրյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Քոչարյանը, Խաչատուրովը, Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման, իսկ Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Պաշտոնաթող նախագահը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Գործը քննող Հատուկ քննչական ծառայության ղեկավարն անցած ամիսների ընթացքում հայտարարել է՝ 2008-ին զինված ուժերը իսկապես ներգրավված են եղել ներքաղաքական գործընթացներում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրությունն իրականում վերածվել էր ռազմական դրության, բանակը կրակել է մարդկանց վրա։