Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, միջանկյալ արդյունքները և առաջիկա անելիքները:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նպատակն աշխատասեր, ստեղծագործ և օրինապահ քաղաքացուն խթանելն է, և գործադիրն իր ունեցած գործիքակազմով պետք է աշխատի այդ ուղղությամբ՝ հնարավորինս արագ, դյուրին և արդյունավետ:
Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու և ընդհանրապես տնտեսական հեղափոխությունը հաջողելու համատեքստում վարչապետը կարևորել է գործընթացների թվայնացումը, ընթացակարգերի հստակ սահմանումը և այս ուղղություններով կոնկրետ արդյունքների միտված քայլեր իրականացնելու հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համակարգված աշխատանքը և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին: