Մատչելիության հղումներ

Վանաձորցի 17-ամյա երիտասարդը որոշել է ընդդիմադիր քաղաքական գործիչ դառնալ


Իրեն աշուղ ու բանաստեղծ հռչակած 17-ամյա Աշոտ Դալլաքյանը Հանրապետական կուսակցության հիմնադրած քաղաքագիտական դպրոցի շրջանավարտ է։

Մշտապես կոստյումով ու փողկապով շրջող երիտասարդն ասում է, որ նախկին իշխանության դասերից շատ բան է սովորել, որոնցից ամենակարևորը համարում է «մարդկային արժեքն» ու «ինքնագիտակցությունը»:

Հանրապետականներից մարդկային արժեքի ու ինքնագիտակցության դասեր առած վանաձորցին կշեռքի նժարին է դնում նախորդ և ներկա իշխանությունների արածն ու չարածը և նշում՝ ներկայիս իշխանություններն ավելի մարդկային են․ - «Նախորդ իշխանություններն էլ իրենց տեղն ունեին, ներկայիս իշխանություններն էլ: Նախորդ իշխանությունները, ճիշտ ա, կարող է մարդկային տեսակետ ունենան իրենց մեջ, բայց այդքան էլ չեն գոհացնում ժողովրդին»:

Դեռևս անչափահաս Աշոտ Դալլաքյանն անցած օրերին Վանաձորի թիվ 20 դպրոցում տեղի ունեցած դասադուլների կիզակետում էր, չնայած նախկինում դպրոցի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Դպրոցի աշակերտներին դասերի ժամին հավաքել ու մարզպետարան էր տարել՝ բողոքի։

Այսօր թեև դպրոցում մթնոլորտը հանդարտվել է, դասերը վերսկսվել են, նորանշանակ տնօրենն ու այդ պաշտոնի համար պայքարի դուրս եկած փոխտնօրենը հաշտվել են, Աշոտ Դալլաքյանն ասում է՝ լուրեր ունի, թե երկուշաբթի օրն աշակերտները կրկին դասադուլի են դուրս գալու․ - «Հայրենի քաղաքում ես թույլ չեմ տա ինչ-որ անօրինականություններ կապված մարզային իշխանության և այլնի հետ: Պայքարելու եմ: Ես խոսել եմ նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների հետ այս հարցով»:

Դպրոցի տնօրենի առոթի համար պայքարին խառնվել էին նաև կուսակցականներ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներ։ Անչափահաս գործիչը ժխտում է, որ կապ ունի նրանց հետ, մյուս կողմից վստահ է, որ հաղթելու է անօրինականության դեմ պայքարում՝ իրեն համեմատելով ճնճղուկի, մարզային իշխանություններին՝ բազեի հետ․ - «Մարդիկ կան, որ գիտակցում են, որ անմիտ ճնճղուկը երբեք բազեի ճանկից ոչ մի որս չի կարող խլել: Բայց այս պարագայում ես ոմանց ի գիտություն ասեմ՝ անմիտ ճնճղուկը այս պարագայում բազեից մեծ բան է տանելու, մեծ որս է խլելու»:

Վանաձորցի երիտասարդը քաղաքական թեմաներով բանաստեղծություններ է գրում, երգում է աշուղական դպրոցում, բայց իրեն, միևնույն է, տեսնում է քաղաքականության մեջ, մտադիր է ընդդիմադիր գործիչ դառնալ․ - «Այս խմորը շատ ջուր է քաշելու: Եվ դրանից ելնելով ես ինքս ինձ պատկերացնում եմ էդտեղ»:

XS
SM
MD
LG