Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունցի կինը հայց է ներկայացրել ընդդեմ իր տնօրենի


Վանաձորի թիվ 4 դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Կարինա Հարությունովան հայտարարում է, թե տնօրենը խտրական վերաբերմունք է դրսևորում իր նկատմամբ և հետապնդում զուտ այն պատճառով, որ ինքը իրավապաշտպան Արթուր Սաքունցի կինն է։

«Ես խնդիրներ չունեմ որպես ուսուցիչ, որպես մասնագետ, Բայց խնդիրը ծագել է՝ Սաքունցի կինն է, ինքը խնդրահարույց է, իրան պետք է հանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունովան։

Ավելի քան 10 տարվա ուսուցչուհին շեշտում է, որ դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Արթուր Սաքունցին և այլ իրավապաշտպաններին վատաբանող, որպես «գրանտակեր» ներկայացնող գրառումներ, որ ամուսնու ֆեյսբուքյան գրառումների համար տնօրեն Համլետ Խումարյանի կողմից ինքը պարբերաբար արժանացել է հրապարակային քննադատության ու հանդիմանության․ - «Արթուրը գրառումներ է արել ֆեյսբուքյան իր էջում, որի հիման վրա արհմիության ժողով է արել: Կոմսոմոլի ժամանակ, որ մարդուն կանգնացնում էին՝ քննադատեք իրան, ինքը վատն է, ինձ մոտ այդպիսի տպավորություն էր ստեղծվել, որ իմ նկատմամբ է էդպես: Այսինքն, ես վատն եմ, ինձ պետք է դաստիարակել»:

Կարինե Հարությունովայի խոսքով, դպրոցի տնօրենի հետ իր հարաբերությունները սրվել են հատկապես մեկ տարի առաջ՝ հեղափոխության օրերին, երբ տնօրենն իրեն մեղադրել է դասադուլ կազմակերպելու և ուսուցիչներին իր հետևից փողոց դուրս բերելու համար․ - «Տնօրենը մանկավարժական խորհուրդ հրավիրեց, որտեղ մի ժամ փորձում էր համոզել, որ դա ճիշտ քայլ չէ»:

Թիվ 4 դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը հերքում է բոլոր մեղադրանքները։ Ասում է, թե իրավապաշտպանի կին լինելը խնդիրներ չի առաջացրել, ինքն ուշադիր է բոլոր ուսուցիչների վարքագծի նկատմամբ, անօրինական գործողություններ չի հանդուրժում, ցույցերին մասնակցելու համար էլ խոչընդոտներ չի հարուցել․ - «Այդ օրվա ցույցերին մասնակցած և չմասնակցած ուսուցիչները իրար տարատեսակ մեղադրանքներ էին հնչեցնում, ես ընթամենը սթափության կոչ եմ արել մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ»:

Հարությունովան տնօրենին դատի է տվել: Նա պնդում է, թե մշտապես խոշորացույցի տակ է, չի ներվում անգամ փոքրիկ վրիպակների համար, ավելին՝ մեկ ամիս առաջ կարգապահական տույժի է ենթարկվել dasaran.am էլեկտրոնային մատյանում աշակերտների գնահատականները և տնային առաջադրանքները չմուտքագրելու համար։

«Կիրառել եմ կարգապահական տույժի ամենամեղմ նորմը՝ նկատողություն», - հակադարձեց Խումարյանը:

Կարինա Հարությունովան պնդում է, որ Կառավարության՝ ուսուցչի պարտականությունները սահմանող որոշման մեջ էլեկտրոնային մատենավարության պահանջ չկա։ Ավելին, ոլորտի մի շարք պաշտոնյաներ բազմիցս շեշտել են, որ դա պարտադիր չէ, և կպատժվեն այն տնօրենները, որոնք կստիպեն ուսուցիչներին գրառումներ անել dasaran.am կայքում։

Տնօրենը կրկին հակադարձում է՝ դեռ երկու տարի առաջ էլեկտրոնային մատյանը դպրոցում պարտադիր դարձնելու հարցը քննարկել է մանկավարժական խորհրդում։ Որևէ առարկություն չի հնչել, և դպրոցի ներքին կարգապահական կանոններում ավելացվել է dasaran.am հարթակը՝ որպես ուսուցչի աշխատանքային պարտավորություն։ Դպրոցի կառավարման խորհուրդը հաստատել է ներքին կարգապահական փոփոխված կանոնները․ - «Եթե առարկություններ լինեին այն ժամանակ, միգուցեև այդ խնդիրը բարձրացնեինք այլ հարթակներում»:

Հիմնական դպրոցի ուսուցչուհին իր հայցադիմումում դատարանից խնդրել է ուժը կորցրած ճանաչել կարգապահական կանոնների նշված փոփոխությունը, անվավեր համարել կարգապահական տույժը, ճանաչել տնօրենի կողմից իր նկատմամբ խտրականության դրսևորման փաստը։

Իրեն խտրականության զոհ համարող ուսուցչուհու գործընկերները հիմնականում խուսափեցին հարցազրույցից։

Հրաժարվեց խոսել նաև փոխտնօրենը, ով նաև դպրոցի էթիկայի հանձնաժողովի նախագահն է և առնչվել է տնօրենի ու ուսուցչուհու լարված հարաբերությունների թեմային։

Բայց մանկավարժներից մեկը՝ Հերմինե Պոդոյանը, ով հայ եկեղեցու պատմություն է դասավանդում, հաստատեց, որ Կարինա Հարությունովայի նկատմամբ շեշտված բացասական վերաբերմունք կա․ - «Բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս: Բայց ֆիքսվածություն կոնկրետ տվյալ ուսուցչի նկատմամբ, որ ահա այս բանը սխալ արեց, այ էս բանը էնպես չարեց, անընդհատ մեկը, անընդհատ մեկը, դա արդեն ինքնին նկատելի է դարձել: Ինձ համար շատ ավելի հեշտ է իր ընկերը չլինել, շատ ավելի հանգիստ կաշխատեի: Բայց որ իր ընկերն եմ, խնդիրներ ունեմ արդեն»:

Դպրոցի տնօրենն արդեն գիտի դատարան ներկայացված հայցադիմումի մասին։ Նա զրպարտություն է համարում ներկայացված մեղադրանքները․ - «Կան տարրեր զրպարտանք պարունակող: Շատ հավանական է, որ կներկայացնեմ հակընդդեմ հայց»:

Մինչդեռ Հարությունովան պնդում է, որ ունի բոլոր ապացույցներն ու պատրաստ է դրանք ներկայացնել դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG