Ազգային ժողովը այսօր հրատապ ռեժիմով քննարկեց և ձայների 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիաշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր: Այն դեպքում, եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը, նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Օրինագծի քննարկման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչու նման օր պետք է ունենալ տոնացույցում, նախարար Զեյնալյանն ասաց, որ տասնամյակներ շարունակ ժողովուրդը չի կարողացել ձևավորվել լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություն, մինչդեռ անցած տարվա ապրիլին ժողովրդին հաջողվեց իշխանությունը վերադարձնել քաղաքացուն, և դա պետք է ամրագրվի: