Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին. ՀՔԾ


Մանվել Գրիգորյան, արխիվ
Մանվել Գրիգորյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ:

«Թե´ առաջնային և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով՝ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին», - ասաց Օհանջանյանը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Հունվարի 22-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, և նա կրկին կալանավորվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG