Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու «պատմական հնարավորություն» է տեսնում


Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ առանձնազրույցի ընթացքում։

Ըստ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք: Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, և դա ընդգծում է մեր կառավարության և անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա, և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է. «Մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, և կկարողանանք է՛լ ավելի զարգացնել: Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից և աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել ևս կապված Եվրամիության հետ: Միասին շատ բան կարող ենք անել և շատ անելիքներ ունենք միասին: Եվս մեկ անգամ շնորհակալություն»:

Առանձնազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

Նրանք ընդգծել են տարբեր ուղղություններով հայ-վրացական կապերի խորացման կարևորությունը և մտքեր փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ: Քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները:

Վրաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG