Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն «անպայմանորեն կմասնակցի» Միրզոյանի հրավիրած ընտրական բարեփոխումների մշակմանը


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն «անպայմանորեն կմասնակցի» Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավիրած ընտրական բարեփոխումների մշակմանը։

Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ընտրական օրենսգիրքը շատ արագ փոփոխության կարիք ունի։

«Անպայմանորեն մասնակցելու ենք, որովհետև Ընտրական օրենսգիրքը շատ հիմնավոր փոփոխության կարիք ունի։ Ասեմ, որ ես հունվարի վերջին շրջանառության մեջ եմ դրել Ընտրական օրենսգրքի փոփոխություն, հիմա այդ իմ առաջարկը կսառեցնեմ, ինչո՞ւ՝ որովհետև իմ ներկայացրած փոփոխությունն ընդամենը մեկ խնդիր էր լուծում, այսինքն՝ հանել տարածքային ընտրացուցակները՝ ռեյտինգային ընտրակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որովհետև ես դա համարում եմ ընտրություններն ապաքաղաքականացնելու ամենավտանգավոր ընտրակարգերից մեկը, ինչը ներդրվեց նախորդ իշխանության ժամանակ, որպեսզի կարողանան թաղային հեղինակություններով ապահովել առավելագույն ձայն իշխող կուսակցությանը։ Բայց ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը շատ ավելի լայն փոփոխությունների և կարգավորումների կարիք ունի», - ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ այսօր Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG