Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսին:
ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ դեսպան Թրեյսին նշել է. - «Հպարտությամբ հանձնում եմ իմ հավատարմագրերը նախագահին և փաստում, որ պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ խորացնելու և ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունն ու գործընկերությունը: Նախագահը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կներդնի երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ կշարունակեն համատեղ ջանքերը՝ նպաստելու երկու երկրների հարաբերություններում առկա պատկառելի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանը: