Արցախի նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի ընտանիքին:
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հեռագրում ասված է. - «Արցախում խոր ցավով տեղեկացանք հայ ազգային բարերար, հասարակական գործիչ Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։ Իր ողջ կյանքի ընթացքում նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով, սատարել հայրենիքին, ակտիվ մասնակցություն ունեցել սփյուռքում հայ ազգային կառույցների կայացման և ամրապնդման գործում՝ արժանապատվորեն շարունակելով իր գերդաստանի հայրենանվեր առաքելությունը: Լուիզ Սիմոն Մանուկյանի անմիջական մասնակցությամբ Արցախում իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր տարբեր բնագավառներում: Արցախցիներն անսահման և անկեղծ հարգանք են տածում մեծ բարերարի նկատմամբ: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց տոկունություն և ոգու կորով։ Լուիզ Սիմոն Մանուկյանի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում և մեր ժողովրդի հիշողության մեջ»։
Լուիզ Մանուկյան-Սիմոնը վախճանվել է փետրվարի 18-ին, կյանքի 86-րդ տարում: