Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը այսօր Մյունխենում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու երկկողմ օրակարգը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում:
«Ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ բարեկամական մթնոլորտում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - փոխանցում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մյունխենում են Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը երեկ մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: