Մատչելիության հղումներ

Գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան


Գիշերը Կապանում հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան: Խմբագիրը միջադեպը կապում է իրենց մասնագիտական գործունեության հետ:

«Գիշերն են եկել, ժամը 5-ի սահմաններում է դեպքը տեղի ունեցել: Կիսով չափ արդեն դիմային մասն էր վառվել, կարողացել էին հրդեհաշիջումը կատարել՝ հրշեջները ժամանակին եկել են: Ոստիկաններն էլ ժամանակին եկել են և աշխատում են հիմա, այս պահի դրությամբ աշխատում են, և տեսնենք ինչ արդյունքներ մենք կունենանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Սյունյաց երկիր»-ի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

«Գնահատում եմ դա որպես մեր մասնագիտական աշխատանքների պատճառով կատարված հանցագործություն, ուրիշ խնդիր ես չեմ տեսնում, ուրիշ պատճառ չեմ տեսնում: Մեր թերթի առաքելությունը 15 տարի շարունակ այդ է՝ լուսաբանել Սյունիքի մարզը», - հայտարարեց Ալեքսանյանը՝ շարունակելով․ - «Պարզապես մի ոլորտ կա, որ ցավագին է ընդունվում: Մենք ժամանակին նախորդ մարզպետին՝ Վահե Հակոբյան անունով մարզպետ ունեինք, նրա գործունեության հետ համաձայն չէինք, և բավականին շատ նյութեր հրապարակվում էր այդ ուղղությամբ, լուսաբանվում էր: Մենք բավականին շատ հոդվածներ ունենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, և այդ խնդիրները հանգում էին պարզագույն մի հարցի՝ մենք ընդամենը ուզում էինք ճշտել, թե ովքեր են Քաջարանի կոմբինատի սեփականատերերը, ովքեր էին մասնավորեցման ժամանակ՝ 2004 թվականին, և ովքեր են հիմա, և ինչ ճանապարհով է տեղի ունեցել սեփականության վերաբաշխումը: Այդ էինք ուզում իմանալ»:

«Իհարկե, այդ հարցերի պատասխանը մենք չստացանք: Վերջին երկու տարում բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել՝ կապված թերթի հետ և խմբագրի հետ՝ ինձ հետ, սակայն որևէ դեպք ընթացք չի ստացել: Ընդամենը 18 թվականի օգոստոս ամսին հենց այստեղ՝ նույն շենքի բակում, օրվա վերջին խմբագրի վրա՝ ինձ վրա տեղի է ունեցել հարձակում, և մինչև էսօր էդ գործը չի բացահայտվել, հարուցված քրեական գործն էլ կարճել են: Դրանից առաջ ես գնացել էի Տամբովի մարզ, վերադառնալուս ժամանակ հարձակում է տեղի ունեցել, փորձել են ինձ առևանգել: Ի վերջո, այս պահի դրությամբ Քաջարանի կոմբինատի ղեկավարները 13 քաղաքացիական հայց են ներկայացրել նույն թերթի հիմնադիր ՍՊԸ-ի՝ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի և թերթի խմբագրի՝ Սամվել Ալեքսանյանի դեմ», - ասաց խմբագիրը:

«Այսինքն, սա նախկինում տեղի ունեցած, վերջին երկու-երեք տարում տեղի ունեցած իրադարձությունների շարունակությունն է, և չգիտենք, թե, ասենք, վաղը նորից ինչ կարող է լինել: Այս մի հարձակումը կապում եմ նախորդ բոլոր հարձակումների շարունակության հետ: Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք, առնվազն, Քաջարանի կոմբինատի ծպտված, թաքնված բաժնետերերին դուր չի գալիս», - հայտարարեց Ալեքսանյանը՝ վստահեցնելով․ - «Ավելի ակտիվ ենք աշխատելու, ավելի ուժեղ ենք աշխատելու: Որովհետև, ուզում եմ բոլորը իմանան՝ սա իմ երկիրն է, իմ ծննդավայրն է, իմ բնօրրանն է, ե՛ս պիտի պաշտպանեմ, ինձ նմաննե՛րը պիտի պաշտպանեն»:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG