ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի ընդունի կառավարության մասնակի ֆինանսավորման սառեցումը դադարեցնելու որևէ գործարք, եթե այն չներառի «շատ խոշոր կանխավճար Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար»:
Երեկ Սենատի հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հանդիպել և քննարկել են փակուղային վիճակից դուրս գալու հնարավորությունները:
Երեկ ավելի վաղ Սենատը քվեարկությամբ մերժել է կառավարության ֆինանսավորումը վերականգնելու նպատակով հանրապետականների և դեմոկրատների ներկայացրած օրինագծերը:
Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը՝ shutdown-ը, շարունակվում է 34 օր:
Դա ամենաերկարատև shutdown-ն է Ամերիկայի պատմության ընթացքում: Շուրջ 800 հազար պետական պաշտոնյաներ աշխատավարձ չեն ստանում:
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը երեկ նրանց հորդորել վարկեր վերցնել, ասելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ առանց աշխատավարձ ապրող պետական ծառայողներն այդ քայլին չեն դիմում:
Ներկայացուցիչների տան դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին խստորեն քննադատել է առևտրի նախարարի այդ հայտարարությունը:
«Ի՞նչ է սա՝ «զանգիր հայրիկից փող ուզիր» տեսակի խորհո՞ւրդ», - ասել է վրդովված Փելոսին: