Մեկնարկել է նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը։
Նիստն ընթանում է դռնփակ։ Նիստից առաջ «Ազատության» հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն այսօրվա նիստից, Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. - «Նման դեպքում, երբ հրապարակում են ցանկանում արդարադատություն իրականացնել, խոսք լինել չի կարող արդարադատության մասին»։
Հարցին էլ, թե Մանվել Գրիգորյանը ներկա լինելո՞ւ է նիստին, փաստաբանը պատասխանեց. - «Կարծում եմ՝ այո, ներկա է լինելու»։
Նշենք, որ նիստին զուգահեռ՝ մի խումբ քաղաքացիներ «Մանվել, տուշոնկա» վանկարկելով բողոքի ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ։ Նրանք դեմ են Գրիգորյանի ազատ արձակմանը։
«Այսօր ոչ ոք իրավունք չունի Մանվել Գրիգորյանին այստեղից ազատ արձակի, նա այստեղից պետք է գնա իրա խուցը, որտեղ իրա տեղն ա։ Հենց նրան չկալանավորելու վճիռն եղավ, իմացեք, որ այստեղից էլ մեր ակցիաները սկսելու են և սկսելու են այլ կերպ՝ ուրիշ մասշտաբի։ Մենք արդարադատությանը ստիպում ենք աշխատել արդարադատությանը վայել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։
2018-ի դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան Գրիգորյանը դուրս եկավ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա կալանքն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համաձայն չէ դատարանի որոշմանը, նրա համոզմամբ՝ ԵԿՄ նախկին նախագահ Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք է ներկայացրել։
ԱԺ պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։