«Կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն», - այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց լիազորություններն ավարտող խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը, նշելով՝ քաղաքական դաշտում արել է այն ամենն, ինչ կարող էր։
«Ես կարծում եմ, որ ես այս դաշտում արեցի այն ամենն, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչ որ շատ-շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան թե խոսելը», - ասաց Բաբլոյանը։
Նա ընդգծեց, որ միշտ հանդես է եկել որպես երկրի քաղաքացի, մի մարդ, որը 70 տարվա ավելի քան 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը։ «Ես հուսով եմ, որ պետք է է՛լ ավելի զարգացումներ տեղի ունենան», - ասաց Բաբլոյանը։
Հարցին, թե հետևելո՞ւ է քաղաքականությանը, Բաբլոյանը պատասխանեց. - «Ոչ թե քաղաքականությանը, ես հետևելու եմ զարգացմանը։ Կանեմ այն, ինչ որ ինձանից կախված է։ Ես միշտ էլ ասել եմ, որ պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց, ամեն դեպքում, ես չեմ լինի պետական պաշտոնյա, ես կլինեմ այնտեղ, որտեղ հիմա ինձ մոտ ավելի ծրագրային սպասելիքներ կան»։
Արա Բաբլոյանը 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել 2017-ի մայիսի 18-ին։ Նրա թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր Հանրապետական խմբակցությունը։