Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնի տարածած հաղորդագրությունում։
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնն ասել է․ ֊ «Այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում։ Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար, ինչպես նաև Ազգային Ժողով անցած մյուս կուսակցություններին: ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ՝ աջակցելով ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդմանը և քաղաքական ու տնտեսական հավակնոտ բարեփոխումներին՝ ի նպաստ հայ ժողովրդի»։