Դեկտեմբերի 6-ին Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։
ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի օրակարգին, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակել կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Երկուստեք կարևորվել է «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շարունակականությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Թոմաս Գրեմինգերը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ: Արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու ազատ, արդար ընտրությունների անցկացումը։
Զրուցակիցներն անդարդարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հնգակողմ հայտարարությանը: