Հայտնի է դարձել Հանրապետական կուսակցության կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրի’ր Հանրապետականին»։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այս վեց ամիսների ընթացքում Հանրապետական կուսակցությունը չի խորշել մտահոգություններ և ամենասուր քննադատությունը հնչեցնել նոր կառավարության գործունեության հետ կապված։ Հայաստանի սոցիալտնտեսական խնդիրները, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, Արցախի շուրջ ձևավորվող անհասկանալի աշխարհաքաղաքական գործընթացները մեզ մշտապես մտահոգել են, և մենք եղել ենք այն եզակի ու արմատական քաղաքական ուժը, որ այդ մտահոգությունները բարձրաձայնել է՝ ամենասուր քննադատությանը ենթարկելով ոչ միայն կառավարությանն ընդհանրապես, այլ Նիկոլ Փաշինյանին հատկապես», - ասաց Աշոտյանը՝ շարունակելով. - «Իմի բերելով այդ մտահոգությունները մենք բյուրեղացրել ենք մեր քաղաքական պլատֆորմը հետևյալ բանաձևի մեջ՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»՝ եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, ընտրի՛ր Հանրապետականին, եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրի՛ր Հանրապետականին, եթե մտահոգ ես նոր գնաճով, ընտրի՛ր Հանրապետականին»։