Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի արդյունքում Եվրոպական միության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները հատկացրել են, համապատասխանաբար, 1.5 միլիոն եվրո, 700 հազար եվրո, կես միլիոն ֆունտ ստեռլինգ և 1.5 միլիոն շվեդական կրոն՝ «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրն իրականացնելու համար։
Իր հերթին՝ Հայաստանի կառավարությունը, ծրագրի իրականացման համար հատկացրել է 700 հազար դոլար։
Ծրագրի մեկնարկի մասին փաստաթուղթը ստորագրվեց այսօր կառավարության շենքում՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի կողմից։
Ծրագրի նպատակն է ապահովել 2017թ. ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրը ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը 2000 ընտրատեղամասերից՝ շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրանցման գործընթացը և այլն։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։