Մատչելիության հղումներ

Մարզպետներն ու նախարարի պաշտոնակատարները պատրաստվում են թեժ ընտրապայքարի


Մարզպետներն ու նախարարները ռեյտինգային ընտրացուցակով պատրաստվում են մի քանի օրից մեկնարկող թեժ ընտրապայքարին՝ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» համար որքան հնարավոր է շատ ձայներ ապահովելու նպատակով:

Այսպես, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կառաջադրվի թիվ 4 ընտրատարծքում, որը ներառում է Կենտրոն, Նորք-Մարաշ, էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաները:

«Ներկայացնելու ենք մեր մոտեցումները, աշխատանքը, պլանները, հեռանկարները», - լրագրողներին ասաց Թորոսյանը՝ հավելելով, թե ձայներ հավաքելու են «հաստատ ոչ ընտրակաշառքով»:

Բնապապանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենայն հավանականությամբ իր թեկնածությունը կառաջադրի այնտեղ, որտեղ բնակվում է՝ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում: Գրիգորյանը դժվարացավ ասել, թե արդյոք իրեն մրցունակ թեկնածու է համարում:

Ի դեպ, այս նույն ընտրատարածքում «Քաղաքացիական պայմանագրից» իր ուժերը կփորձի նաև Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ նախօրեին ռեյտինգայինով առաջադրվելու մասին հայտարարեց նաև Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը․ նա կփորձի ձայներ ստանալ Դավթաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:

Ի տարբերություն Կրթության ու գիտության, Մշակույթի և Բնապահպանության նախարարների՝ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր թեկնածությունը չի առաջադրի: Նա այսօր տեղեկացրեց, որ իրեն «Քաղաքացիական պայմանագրից» որևէ առաջարկ չի եղել, ընտրություններին չի մասնակցելու, բայց գյուղնախարարի պաշտոնին վերադառնալու ցանկություն ունի:

Նախարարների օրինակով ռեյտինգային ընտրակարգով իրենց թեկնածությունն առաջադրելու են նաև գործող մարզպետները:

Մասնավորապես, Վայոց Ձորի և Սյունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագրից» տարածքային ցուցակներով կառաջադրվի շուրջ մեկ ամիս Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում աշխատող Տրդատ Սարգսյանը: Նրա փոխանցմամբ, կուսակացությունից առաջարկել են, և ինքն սիրով ընդունել է առաջարկը:

Տրդատ Սարգսյանը մրցակցային քարոզարշավ է կանխատեսում՝ բացառելով, որ Սյունիքի մարզում կարող է կրկնվել Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքը, երբ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն պարտություն կրեց․ - «Կապանը այլ խնդիր է: Մեր մարզում քրեաօլիգարխիա չկա, թաղային հեղինակություններ վատ իմաստով չկան: Ամեն ինչ մրցակցային կլինի»:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առաջադրվելու է իր ղեկավարած մարզն ընդգրկող թիվը 10 ընտրատարածքում: Նա, ի դեպ, «Քաղաքացիական պայմանագրից» միակ թեկնածուն չէ․ Կոտայքում միաժամանակ իր ուժերը կփորձի նաև կուսակցության ղեկավար անդամ, պատգամավոր Սասուն Միքայելյանը: Սակայն, ինչպես մարզպետն է նշում՝ մտահգովելու կարիք չկա, քանի որ իրենց թեկնածուների միջև առկա է առողջ մրցակցություն:

Նշենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, յուրաքանչյուր ընտրատարածքում տարածքային ցուցակներով պետք է առաջադրվի առնվազն 5 թեկնածու:

«Ազատության» հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանն ասաց․ - «Մրցունակ թեկնածու կլինեմ: Նաև դա գալիս է այն համոզումից, որ անցյալ տարի ևս «Ելք» դաշինքի կողմից ես առաջադրված են եղել թիվ 10 ընտրատարածքում»:

Դիտարկմանը, թե Կոտայքի մարզում մեծ ազդեցություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Պետրոսյանն արձագանքեց․ - «Շուրջ հինգ ամիս է, ես պաշտոնավարում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնում, և անընդհատ ինձ այդ հարցը ուղղում են․․․ ազդեցության և այլն: Բայց ես պաշտոնապես ասում եմ, որ հինգ ամիսների ընթացքում իմ լիազորությունները իրացնելիս որևէ խոչընդոտի, որևէ կաշկանդումի, որևէ միջամտության փորձ նշված քաղաքական ուժի կամ գործչի կողմից չի եղել մեր մարզում»:

Կոտայքի մարզպետը խոստանում է, որ նոյեմբերի 26-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսը չի չարաշահելու, ինչի մեջ մշտապես մեղադրվել են նախկին իշխանությունները:

Ի դեպ, ըստ Ռոմանոս Պետրոսյանի, բոլոր կրթական ու առողջապահական հաստատություններին զգուշացվել է, որ չաշխատեն որևէ կուսակցության օգտին․ - «Բացարձակ չեմ չարաշահելու վարչական ռեսուրսը: Դա ես ասում եմ պատասխանատու տոնով: Բոլոր 90 հիմնական և միջնակարգ դպրոցների տնօրենները զգուշացվել են, որ որևէ կերպ որևէ քաղաքական ուժի, այդ թվում նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հանկարծ փորձ չանեն արջի ծառայություն մատուցելու»:

Նշենք, որ, Ընտրական օրենսգրքի համաձայն, հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները՝ բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների, քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այսինքն պատգամավորի թեկնածու հանդիսացող մարզպետները ողջ քարոզարշավի ընթացքում ազատված են լինելու իրենց պարտականություններից, նրանց բացակայությունն աշխատանքից համարվուլու է հարգելի` առանց վարձատրության պահպանման:

Ինչ վերաբերում է պատգամավորի թեկնածու նախարարի պաշտոնակատարներին, ապա քարոզարշավի ընթացքում արգելվում է թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելու ուղղակի կամ անուղղակի կոչեր հնչեցնելը:

Ընտրական օրենսգիրքն արգելվում է նաև նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը:

XS
SM
MD
LG