Մատչելիության հղումներ

Օսիպյանը երաշխավորում է, որ չի լինելու ընտրակաշառք


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու:

Օսիպյանը խորհրդարանում մասնակցում էր 2019 թվականի բյուջեի քննարկումներին: Նա նաև վստահեցրեց, եթե այնուամենայնիվ լինեն մարդիկ, ովքեր ընտրակաշառք կբաժանեն, խստագույնս կպատժվեն․ - «Ես պարտավոր եմ և երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք, խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ նրանց ով լինելուց»:

Դիտարկմանը, որ խորհրդարանական այս ընտրություններն անցնելու են չփոփոխված Ընտրական օրեսնգրքով, որտեղ պահպանվում են այսպես կոչված ռեյտինգային ցուցակները, Հայաստանի ոստիկանապետը արձագանքեց, որ իրենք պատրաստ են արտահերթին․ - «Եթե առաջիկա կիրակի լինեին ընտրությունները, մենք արդեն իսկ պատրաստ ենք, տիրապետում ենք: Մեզ համար կապ չունի հին թե նոր օրենսգիրք, մեր համար կարևորն այն է, որ օրենքի առջև բոլորը հավասար են: Եվ դա կապահովեմ, որ բոլորի հավասարությունը օրենքի առաջ լինի»:

Արդյո՞ք «ասֆալտին փռելու» գործողությունները շարունակվում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր դեռ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանձնարարական տվել որոշ օլիգարխների ու նրանց թիկնապահներին փռել ասֆալտին:

«Իհարկե շարունակվում են: Ով որ խելոք չի պահում օրենքի սահմաններում․․․ լինում են էդպիսի գործընթացնե: Նախկինում են եղել, այսօր էլ և վաղն են լինելու», - ասաց Վալերի Օսիպյանը:

Համաներումն արդեն ուժի մեջ է, և այն տարածվում է նաև 2016 թվականին ոստիկանակության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մեծ մասի վրա: Վալերի Օսիպյանը երկու տարի առաջ այդ օրերին գնդի ներսում էր, պատանդների թվում: Այսօր ոստիկանապետն ասաց, որ համաներումը ողջունում է, բայց կիսում է նաև ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հարազատների մտահոգությունները: Ասաց, որ պետք է պատանդների և զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնել․ - «Ե կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը: Մենք կորցրել ենք ընկերներ, մենք կորցրել ենք մեր լավագույներին, և այս պահի դրությամբ այնտեղ համաներման տեքստում նաև նշված է, թե պատանդների կարծիքը պետք է հաշվի առնել: Ես կողմ եմ այդ կարծիքին»:

Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանության աշխատանքներին և հնչող դժգոհությանը, թե քաղաքում խցանումներ են, իսկ երթևեկությունը կարգավորող ավտոտեսուչներ սակավ են հանդիպում, ոստիկանապետը հակադարձեց՝ ճանապարհային ոստիկանությունը նախկինից լավ է աշխատում․ - «Ճանապարհային ոստիկանությունը ավելի լավ ա աշխատում, քան երեկ, քան տարիներ առաջ: Ուղղակի մեր ժողովուրդը, այդ թվում դուք, ուզում եք քնեք-արթնանաք՝ իդեալական լինի։ Ամեն ամիս մեքենաների քանակը ավելանում է․ միայն սեպտեմբերին վեց հազար տրանսպորտային միջոց է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն»:

XS
SM
MD
LG