Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանը կասկածներ ունի, որ մամուլի որոշ հրապարակումներ պատվեր են իր դեմ


Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հիմնավոր կասկածներ ունի, որ մամուլի որոշ հրապարակումներ պատվեր են իր դեմ։

Մամուլը վերջերս գրեց, որ 2010-11 թվականներին Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարեսկզբին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։ Հիմնադրամի այդ ժամանակվա տնօրենը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում նշանակվեց գյուղնախարար։

Հարցին՝ կա՞ արդյոք շահերի բախում, Ավինյանը պատասխանեց. - «Էդտեղ ուղղակի շահերի բախման հարց չի կարող լինել։ Այս ծրագրին դեռևս մեր ընկերությունը դիմել է փետրվարին։ Բոլոր գործընթացները, որոնք որ տեղի են ունեցել և մեծամասամբ ես նույնիսկ տեղյակ չեմ եղել այդ գործընթացներից։ 10 փուլերից 9 փուլերը տեղի են ունեցել մինչև հեղափոխությունը և վերջին փուլը տեղի է ունեցել, երբ որ ես նշանակված եմ եղել մի քանի օր որպես փոխվարչապետ»։

Ավինյանին դրամաշնորհ տրամադրելու հարցում իր դերականատարումը բացառեց նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն, ներկայում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանը:

Իր նշանակման հարցում Ավինյանի գործոնի մասին ասաց. - «Թեկնածուներին չեն կանչում իրենց վերաբերյալ հարցի քննարկումներին, դա տրամաբանական է: Կարծում եմ կառավարությունը ինքն է կայացրել որոշում նշանակելու հարցում։ Ես ոլորտում արդեն 2 տարի եմ, հանդիսացել եմ հիմնադրամի տնօրեն, որը նախարարության ամենամեծ կառույցներից մեկն է, մինչ այդ էլ արդեն 10 տարի է, աշխատում եմ կառավարման համակարգում»։

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ուսումնասիրել Ավինյանի մասին մամուլի հրապարակումները: Տիգրան Ավինյանի կարծիքով, գործընթացը դրական է․ նախ պաշտոնյաներն այսուհետ ավելի զգոն կլինեն, բացի այդ, քննարկման թեմա կդառնա մեդիա դաշտում գործող մշակույթը:

«Այն բարքերը, որոնք եղել են քաղաքական դաշտում, նաև եղել են մեդիա դաշտում, և ես չեմ բացառում, որ կոռուպցիան մեդիադաշտում որոշակիորեն շարունակվում է։ Ընդհանուր առմամբ տարատեսակ նյութեր են հրատարակվել իմ մասին, տարբեր պաշտոնյաների մասին, և ես, այո, ունեմ որոշակի հիմնավոր կասկածներ, որ այդ նյութերի մի մասը կարող է նաև լինել պատվիրված։ Շատ հավանական է, որ նմանատիպ թեմաները զարգացնողները լինեն համակարգից», - ասաց նա։

Տիգրան Ավինյանի ընկերության դրամաշնորհի մասին աղմուկին նախորդեց մեկ այլ հրապարակում, ըստ որի նա կառավարության շենքում մարիխուանա է ծխել: Ավինյանի գրասենյակը հերքեց լուրն ու հայտարարեց լրատվամիջոցի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:

Այսօր «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ Ավինյանը իր մասին այդ հրապարակումն ակնհայտ սուտ որակեց․ - «Մեդիա դաշտում նման տեղեկատվական աղբով լցնելը ուղղակի խելամիտ չէ, և եթե արձագանքներից նկատել եք, ընդհանուր առմամբ, այս քայլը ողջունվել է: Բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ սա չի լինելու այսպիսի հետևողական քաղաքականություն, սա շատ կոնկրետ մեկ դրվագ էր, և ես հույսով եմ, որ նաև ազդակ կլինի որոշակի կայքերին և ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին, որ նմանատիպ գործունեությունը ուղղակի խելամիտ չէ և կարող է նաև պատժվել», - նշեց Ավինյանը։

Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը՝ «անցումային կառավարությունը տապալել է նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու հանձնառությունը» հիմնավորմամբ: Անդրադառնալով այս հարցին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ Նահապետյանի մտադրության մասին տեղյակ է եղել, ցավում է, որ միասին չեն աշխատելու, սակայն նաև հասկանալի է նախկին օգնականի քաղաքական դիրքորոշումը:

Ավինյանի հավաստմամբ, Ընտրական օրենսգրքի ընդունման ձախողումը մյուս թիմակիցների մոտ դժգոհության ալիք չի բարձրացրել:

XS
SM
MD
LG