Մատչելիության հղումներ

Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը:

«Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք փոքր, սառեցված հակամարտությունների մասին խոսելիս: Դրանք կարող են շատ վտանգավոր դառնալ: Սա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես լարման բարձր մակարդակ», - նշել է Սարգսյանը: - «Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի շատ կարող էինք հույս դնել կայունության վրա: Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միլիտարիզացիան: Այն փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանն ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում», - հավելել է նա:

Քննարկման մասնակիցների հարցերին պատասխանելիս անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ - «Մենք գիտենք, որ ժամանակը հարաբերական հասկացություն է: Եթե այն աշխատում է հօգուտ խաղաղության, ապա մենք կարող ենք սպասել, իսկ եթե աշխատում է պատերազմի օգտին, ապա այն շատ կարճ է։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիան, և թե որքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենը վկայում է, որ այստեղ կուտակվում է մեծ ռազմական ներուժ: Եթե ուշադրություն դարձնեք դրան, կտեսնեք, որ ժամանակը չի գործում հօգուտ խաղաղության: Կա՞ հավանականություն, որ կլինի շղթայական ռեակցիա՝ այո: Մենք պետք է սկսենք ոչ միայն խոսել, այլև գործել խաղաղության ժամանակ: Հայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»:

«Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկան», - նաև ասել է նախագահ Սարգսյանը: - «Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG