Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զգուշացնում է, որ միջուկային զենքի մասին համաձայնագրից դուրս գալու Միացյալ Նահանգների ծրագրերը «լուրջ հետևանքներ» կունենան Եվրոպայի համար: Շոյգուն երեկ այդ մասին խոսել է իր հույն գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն պետք է կշռադատեն 1987 թվականին ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները կրճատելու պայմանագրից դուրս գալու հետևանքները, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով․ - «Կարծում եմ՝ Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, որ այդ որոշումը լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի համար, եթե ավելի կոնկրետ՝ առաջին հերթին Եվրոպայի համար»:
Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ եթե ԱՄՆ-ը միջին հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, ապա Մոսկվան ստիպված կլինի թիրախ դարձնել դրանց տեղակայման երկրները:
Դրանից օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 1987 թվականին ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կնքած փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը վերանայելու մտադրության մասին, քանի որ, ըստ նրա, Ռուսաստանը խախտում է դրա դրույթները, իսկ պայմանագրում չընդգրկված Չինաստանը շարունակում է նոր հրթիռներ ստեղծել:
Պենտագոնի պնդմամբ, ռուսները ստեղծում են 9M729 կոդային անվամբ թևավոր հրթիռ, որի տեխնիկական հնարավորությունները գերազանցում են փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրում ամրագրված ցուցանիշները:
Ռուսաստանը պնդում է, որ հավատարիմ է պայմանագրին, քանի որ փորձարկումների փուլում գտնվող նոր հրթիռի տեխնիկական պարամետրերը չեն հակասում փաստաթղթի պահանջներին: