Կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ հոկտեմբերի 31-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ: Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, օրակարգի միակ հարցն է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառարավարության ներկայացրած նախագիծը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վերջերս լրագրողներին հայտնել է, որ մեծ համաներում է սպասվում: «Սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա է, որը իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո: Կառավարությունը հանրության անունից այս ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար», - ասել է նախարարը: