21-օրյա ժամկետի վերջին օրը նախագահ Սարգսյանը նախագիծն ուղարկել է Սահմանադրական դատարան:
Նախագահականի տարածած հայտարարության մեջ նշվում է․ քանի որ օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք էր տվել, դրա վերաբերյալ փաստացի արձանագրվել էր հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը, նախագահը հանձնարարել էր իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել այս հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև բուն օրինագիծը, և այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հարցում սահմանադրաիրավական խնդիրներ առերևույթ նկատվում են, ուստի որոշվել է դիմել Սահմանադրական դատարան:
Սա նշանակում է, որ հոկտեմբերի 2-ին 67 կողմ ձայնով ընդունված օրինագիծը, որը Նիկոլ Փաշինյանը ռևանշիզմի և հակահեղափոխության դրսևորում համարեց, դեռ օրենքի ուժ չի ստանա: Սահմանադրական դատարանը այն առնվազն երեք ամիս պետք է քննի այն:
«Ելք» խմբակցոյթյան պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նախագահը այս անգամ էլ կատարեց իր կարևոր դերակատարությունը․ - «Նախագահը կատարում է հայշտեցնողի, բալանսի բերողի իր գործառույթը: Վերհիշենք, որ պարոն Սարգսյանը նաև հեղափոխության օրերին շատ կարևոր դեր խաղաց՝ փաստացի միջնորդ հանդիսանալով: Եվ ես ողջունում եմ այդ քայլը, որը միտված էր առանց այդ էլ լարված իրավիճակը չսրելուն»:
Թե ինչ կորոշի Սահմանադրական դատարանը, ըստ Ալեն Սիմոնյանի, քաղաքական առումով արդեն շատ էական չէ․ - «Էդ օրենքի ազդեցությունը մենք չենք տեսնի»:
Հարցին, թե այդ դեպքում որն էր նման օրենք ընդունելու տրամաբանությունը, Սիմոնյանը պատասխանեց․ - «Նախ և առաջ իրենք չէին սպասում նման արձագանքի: Իրենք չէին ակնկալում նախ, որ կհասկանանք ինչի մասին է խոսքը, երկրորդը, մեր արձագանքը, ժողովրդի արձագանքը չէին սպասում: Ուզում էին սղղացնել, անցկացնել այդ օրենքը, որը որ չստացվեց»:
Հանրապետական խմբակցությունից Ալիկ Սարգսյանը, ով հոկտեմբերի 2-ի քվեարկությանը կողմ էր արտահայտվել վիճահարույց օրինագծին, ասում է, թե փոփոխությունների հետևում թաքվնած ենթատեքստ չի տեսել․ - «Ես սղղացնելու որևէ տարր այդտեղ չեմ տեսել: Սա ավելի շատ պատգամավորի իրավունքները պաշտպանող ինչ-որ մի օրինագիծ էր: Հակառակ պարագայում կամ մեկ այլ ժամանակահատվածում սա, բնականաբար, էսպես չէր դիտարկվի, էս գնահատականին չէր արժանանա: Բայց հիմա ենթատեքստ տեսան դրա տակ, ինչ-որ հետագա, հեռահար նպատակներ տեսան, և բնականաբար էս արգելքին արժանացավ»:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով «ԱԺ կանոնակարգ» օրենքում այս աղմուկ հանած փոփոխությունը կատարելու առաջարկի հեղինակն էր, պնդում է, որ ի սկզբանե նպատակ են ունեցել Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովել․ - «Արդեն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կարող եմ ասել, որ խնդիրը կորցրել է իր արդիականություն: Եթե Ազգային ժողովը արդեն իսկ գնում է լուծարման, ապա արդեն հաջորդ Ազգային ժողովին պետք է լուծի էն խնդիրը, որ եթե իր որոշումները պետք է պայմանավորվեն ժողովրդական զանգվածների համախմբումով, ակտիվությամբ, դա որքանով կարող է նպաստել Ազգային ժողովի բնականոն աշխատանքին»:
Սահմանադրական դատարանից տեղեկացրին, որ օրինագիծն արդեն ստացել են:
Ըստ Երևանի պետական համալասրանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանի, ընթացակարգը հետևյալն է՝ դիմումը նախ գրանցվում է, 20-օրյա ժամկետում դիմումի նախնական ուսումնասիրություն է տեղի ունենում, ապա, եթե որոշվում է այն քննության ընդունել, գործընթացը կարող է տևել 3 - 6 ամիս․ - «Սահմանադրական դատարանը որոշումն ընդունում է դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո: Գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով»:
Օրինագիծը նախագահին ուղարկելուց հետո իրադարձությունների զարգացման երեք տարբերակ կար․ կա՛մ նախագահը պետք է ստորագրեր օրինագիծը, կա՛մ պետք է դիմեր Սահմանադրական դատարան, կա՛մ կարող էր ընդհանրապես ոչինչ չձեռնարկել:
«Եթե Հանրապետության նախագահը չի կատարում համապատասխան հոդվածի կարգավորումներով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը», - պարզաբանեց Մանասյանը:
Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, նախագահ Արմեն Սարգսյանն ընտրեց բոլոր հնարավորներից թեկուզ տեսական լարվածությունը բացառող տարբերակը․ - «Որոշումն իհարկե սպասելի էր, որովհետև դժվար էր պատկերացնել, որ Արմեն Սարգսյանը որևէ կերպ կարող է մտածել իրեն հասարակության գերակշռող մեծամասնությանը կամ թավշյա հեղափոխության գործընթացին հակադրելու մասին: Շատ տրամաբանական է, որ չի ստորագրվել, ուղարկվում է Սահմանադրական դատարան, որովհետև հակառակ դեպքում կարող էր ստորագրվել Ազգային ժողովի նախագահի մոտ և մտնել ուժի մեջ: Ես չեմ կարծում, որ ուժի մեջ մտնելուց հետո այդ օրենքը սկզբունքորեն ինչ-որ նոր բան կբերեր, այսինքն՝ կունենար էն ազդեցությունը, ինչի համար որ պլանավորվել էր հենց սկզբից՝ հաշվի առնելով հոկտեմբերի 2-ից հետո ստեղծված իրավիճակը, բայց ամեն դեպքում դա կարող էր իսկապես առաջացնել լարում, որը նախագահը թույլ չտվեց: Եվ դա ոչ միայն սպասված, այլև կարևոր քայլ էր»: