Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող 12 թեկնածուից երկուսը կին են: Իշխանությունը սատարում է գործող քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին:
«Տարիներ շարունակ վախեցել են առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդու դեմ: Իսկ հիմա արդեն այդ հնարավորությունը ունեն», - բացում է փակագծերը գործող իշխանության թեկնածուն և դժգոհում որոշ մրցակիցներից, ովքեր «նախկին իշխանությանն են ծառայել, բայց այսօր հեղափոխական են ձևանում»․ - «Հեղափոխության անունը շատ տգեղ ձևով շահարկվել է այս ամբողջ քարոզարշավի ընթացքում: Պարզապես մենք սիրո և համերաշխության, հանդուրժողականության հեղափոխության մասնակիցներն են, այդ պատճառով մենք չենք իջնում այն մակարդակի, որ որևէ կերպ նույն ոճով գործենք»:
Մասնագիտությամբ իրավաբան Դիանա Գասպարյանը համոզված է, որ Էջմիածնի քաղաքապետը պետք է կին լինի․ - «Էջմիածնին հենց կին քաղաքապետ է պետք, որը վեր կլինի բոլոր փողոցային իրավիճակներից և որի վրա հնարավոր չի ազդել տղայական միջոցներով»:
«Էջմիածնին հարկավոր է մի ղեկավար, որը ծանոթ է աշխարհի անցուդարձին», - համոզված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Սարգսյանը, ով առաջարկում է հոգևոր կենտրոնի վրա սևեռել աշխարհի ուշադրությունը․ - «Որպես հոգևոր կենտրոն նա ճանաչված չէ: Ես համարում եմ, որ կա երեք այդպիսի կենտրոն, որոնցից երկուսը՝ Երուսաղեմը և Վատիկանը շատ ճանաչված են, կան բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, տեսահոլովակներ․․․ բայց մեր քաղաքի մասին մենք չունենք այդ ամենը: Ես իմ ծրագրի մեջ ներկայացրել եմ, որ մեր քաղաքը պետք է դառնա զարգացած հոգևոր-մշակութային, զբոսաշրջային կենտրոն»:
Այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի իշխանության տապալումից հետո քաղաքի ղեկավարումը ստանձնելու ցանկություն ունեցող թեկնածուներից է Վահե Մովսիսյանը: Նա դատական հոգեբան է:
«Վերջացել են էն ժամանակները, երբ որ մեկը իշխում է մնացածին: Եկել է ժամանակը, որ պիտի լինի մի ծառա, 60 հազար թագավոր», - ասաց նա:
Էջմիածնում մեզ հանդիպած բնակիչները Վահե Մովսիսյանին ներկայացնում էին որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու:
Նա, մինչդեռ, ասաց․ - «Ես չգիտեմ ինձ ով է սատարում, բայց որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական ուժի ներկայացուցիչ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, և իմ համար անակնկալ է»:
Համաքաղաքացիների դռները թակելով իր ծրագրերն է ներկայացնում ինքնառաջադրված Վահագն Թադևոսյանը․ - «Իմ արշավը մի քիչ տարբերվում է մյուսներից: Մեծ խմբերով, գոռգոռալով փորձում ենք մարդկանց չանհանգստացնել: Դուռ թակելով, ավելի քաղաքակիրթ ձևով մարդկանց հետ շփվում ենք, ծանոթանում ենք խնդիրներին, ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր արժեքները»:
Առողջապահության ոլորտի կառավարիչ Թադևոսյանին ոչ մի քաղաքական ուժ չի սատարում: Իսկ գաղափարակից ընկերների հետ արդեն հասցրել է 2500 ընտրողի դուռ թակել: Եթե ընտրվի, քաղաքային խնդիրներին անդրադառնալուց առաջ, նախ հեղափոխությունից հետո սկսկած գործը ավարտին կհասցնի․ - «Գլխավոր խնդիրը, ես կարծում եմ, որ քրեաօլիգարխիկ բրենդից այս քաղաքը վերջնականապես հանելն է»:
Թեկնածուները արձանագրում են, որ առաջին անգամ Էջմիածինում քաղաքապետի պաշտոնի ընտրապայքարն ընթանում է խաղաղ և ազատ մթնոլորտում, առանց սկանդալների և կրակոցների: