Մատչելիության հղումներ

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն 37 համայնքից միայն Ծաղկունքում է թեկնածու առաջադրել


Հոկտեմբերի 21-ին Հայաստանի 37 համայնքներում սպասվող ընտրություններում առաջադրված թեկնածուների մեծամասնությունը անկուսակցական է: Հանրապետական կուսակցությունը թեկնածու է առաջադրել միայն մեկ համայնքում՝ Արմավիրի մարզի Ծաղկունքում:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը վստահեցնում է, թե միայն Ծաղկունքում չեն իշխանության համար պայքարում․ - «Մասնակցում ենք ՏԻՄ ընտրություններին, միշտ մասնակցելու ենք: Պարզապես մենք շատ հաճախ նաև առաջադրել և աջակցել ենք անկուսակցականների»:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու է առաջադրել 16 համայնքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ երկու, իսկ ՀՅԴ-ն՝ մեկ համայնքում երկու թեկնածու: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կպայքարի միայն էջմիածինի քաղաքապետի պաշտոնի համար:

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն թեկնածու չեն առաջադրել Էջմիածին, Կապան, Հրազդան քաղաքներում:

Էջմիածինում առաջադրվել է 12 թեկնածու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունից առաջադրվել է ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն Սերգեյ Սարգսյանն է: Մյուս ինը թեկնածուները անկուսակցական են:

«Լուսավոր Հայաստանի» անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասում է՝ միայն այստեղ են պայքարելու, քանի որ հաղթելու հավանականությունը մեծ է․ - «Այդ համայնքում, մենք գտնում ենք, որ ունենք հաղթելու հնարավորություն: Մենք երբեք ընտրություններին չենք մասնակցել ուղղակի մասնակցելու համար: Մեր թեկնածուն մրցունակ է»:

Այլ համայնքներում թեկնածու չառաջադրելու պատճառը Գորգիսյանն այսպես բացատրեց․ - «Հաշվի առնենք նաև, որ հետհեղափոխական վիճակ է, և որոշ տեղերում ուղղակի անիմաստ է մտնել ընտրապայքարի մեջ՝ ունենալով լավ թեկնածուներ»:

Նախկինում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ակտիվ մասնակցած ԲՀԿ-ի ներկայացուցիչ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու են այս անգամ ընդամենը երկու համայնքում թեկնածու առաջադրել․ - «Եթե մրցունակ թեկնածու լիներ, չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստանը» չի արել: Ինքնանպատակ առաջադրվեին, հա՞, ու ձայն չհավաքեի՞ն: Էդ դեպքում դուք պիտի ասեիք՝ մասնակցեցին ընտրություններին ու ընդամենը 2 տոկոս կամ երեք հավաքեցին»:

Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կապանում առաջադրել է Նարեկ Բաբայանին: Այստեղ առաջադրված մյուս երկու թեկնածուներն անկուսակցական են:

Հրազդան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվել է Սևակ Միքայելյանը՝ կուսակցության վարչության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին: Կուսակցությունից պաշտոնապես հայտարարել են, որ չեն սատարելու Սևակ Միքայելյանին: Առաջադրված մյուս երեք թեկնածուն անկուսակցական են:

Թեկնածուների ինքաբացվարկ հայտնելու ժամկետն ավարտվել է: 37 համայնքներից 21-ում «Քաղաքացիական պայմանագրից» թեկնածու չի առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG