Հայաստանի շտապ բուժօգնության ավտոպարկը վերազինվել է 200 նոր ավտոմեքենայով։
Մեքենաները Հայաստանին նվիրաբերել է Չինաստանը։ Այսօր ավտոմեքենաների հանձնման արարողությանը Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը նշել է, որ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաների նվիրաբերման ծրագիրը խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ:
«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր», - ասել է դեսպանը:
Թիան Էրլուն նաև տեղեկացրել է, որ Չինաստանից Հայաստան է ժամանել մասնագետների խումբ հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցներին շտապ բուժօգնության մեքենաներն ու դրանցում տեղակայված սարքավորումները ներկայացնելու նպատակով: 350 բժիշկ, բուժքույր և վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում:
Հայաստանի առողջապահության նախարար պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշել է, որ նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակից սարքերով, օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ:
«Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը», - ասել է նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ շտապօգնության մեքենաները բաշխվել են ամբողջ հանրապետությունով մեկ. 49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապօգնության ընկերությանը, 10 մեքենա՝ Երևանի բժշկական կենտրոններին, 131-ը՝ մարզերին: