Մատչելիության հղումներ

Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի երեկոյան ժամը 20-ին. վարչապետի խոսնակ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի այսօր երեկոյան ժամը 20-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։

Եղոյանը երկուշաբթի օրը փոխանցել էր, որ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին կհայտարարի իր հրաժարականի մասին:

Այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին Փաշինյանը հստակեցրեց՝ հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան։

«Այսօր կարևոր օր է և Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան», - ասաց Փաշինյանը։

Օրեր առաջ, France24-ի հետ զրույցում, վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։

«Ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG