Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակում տեղի ունեցավ տնտեսական ֆորում


«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած ֆորումը կազմակերպել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

Միջոցառմանը մասնակցում էր և ելույթով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չկարողանանք հասնել նաև տնտեսական հեղափոխության, մասնավորապես, զարգացնել ու նոր թափ հաղորդել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Տնտեսական ֆորումի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ձևավորված ավանդույթի համաձայն մրցանակներ հանձնեց ամեն տարի անցկացվող մրցույթին մասնակցած երիտասարդ գործարարների: Այս տարի մրցանակները ստացան աֆրիկյան երկու պետություններ ներկայացնող երիտասարդ գործարարներ:

Ֆորումին հետևած ընթրիքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հյուրերին ներկայացվեց Սոֆյա անունով ռոբոտը: Սոֆյան շփվեց մասնակիցների հետ, պատասխանեց նրանց հարցերին: Սոֆյան աշխարհի ամենահայտնի ռոբոտներից է, այն ստեղծվել է Հոնկոնգում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ազատության հրապարակ՝ շրջելու Ֆրանկոֆոնիայի ավանում: Ամենամեծ տաղավարն ավանում ունի Հայաստանը, առանձին սեղանիկներով ներկայացված են բոլոր մարզերը:

Վաղը կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 40 երկրների առաջնորդներ: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

XS
SM
MD
LG