Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ մեկ անգամ ևս հաստատեց իր նվիրվածությունն այնպիսի արժեքներին, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրինահավասարությունը, մարդու իրավունքներն, արժեքներ, որոնք նաև Ֆրանկոֆոնիայի հիմքում են, արժեքներ, որ նշանաբանն են մեր թավշյա հեղափոխության։ Այդ մասին այսօր «Թումո» կենտրոնում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող գործարար համաժողովի փակման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշելով, որ թավշյա հեղափոխությունը սոսկ քաղաքական չէր, այլև արժեքների, վարչապետն ընդգծեց, որ վերջին հաշվով այդ հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնեն նաև տնտեսական հեղափոխության։
«Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարևոր փուլում, և մենք պետք է ապահովենք տնտեսական հաջողություն այդ Հայաստանի Հանրապետության համար, իր հստակ կանոններով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են և կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում։ Այդ կանոնները մենք բարձրաձայնել ենք բազմիցս, բայց ես, օգտվելով գործարար տիկնանց և պարոնների այս ներկայությունից, կուզեի կրկնել, որ մենք միայն երկու նախապայման և շահագրգռություն ունենք բոլոր նրանց համար, ովքեր հանձնառու են կամ ուզում են լինել հանձնառու Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու, ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, և մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորինս շատ աշխատատեղեր, և իհարկե, վճարել հարկեր։ Իմացեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նեցուկ է ձեզ, եթե այս երկու պայմանները հարգված են», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Հարգելի ընկերներ, շատ ուրախ եմ իմանալ, որ ձեր աշխատանքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է թվային տնտեսության վրա, քանի որ տնտեսության իր տեսլականով կառավարությունը նպատակադրել է ագրարային երկրից Հայաստանը վերածել բարձր տեխնոլոգիաների երկրի։ Սա միայն ամբիցիա չէ․ նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն, որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան՝ այդ տնտեսական վերափոխումն իրականացնելու համար»։
Վարչապետն իր գոհունակությունն է հայտնել քննարկումների արդյունքների առիթով, որոնք, Փաշինյանի խոսքով, «ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ»։
«Ես ջերմորեն ողջունում եմ նոր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցի հիմնումը։ Ես երախտագիտությունս եմ հայտնում տնտեսական ֆորումի բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս գեղեցիկ նախաձեռնությունների ակունքում են։ Ես կրկին մաղթում եմ բարի գալուստ Հայաստան ձեզ բոլորիդ, ձեր ստեղծարար ու նորարար գաղափարներին և վերահաստատում եմ, որ դրանք կգտնեն Հայաստանի Հանրապետության աջակցությունը», - ասել է վարչապետը։