Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարևորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները և նշել, որ խմբակցությունը համոզված է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության շրջանակում, հավասարակշիռ ու տրամաբանված:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 9-ին համատեղ հուշագիր ստորագրեցին` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Հուշագրում մասնավորապես նշվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:
Նշենք, որ նախագահն այսօր արդեն հանդիպել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ։