Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը երեկ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում:
Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և Վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:
Շարմազանովը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել վերոնշյալ նիստերը:
Ազգային ժողովի փոխնախագահը Անթալիայում մասնակցում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին: