Մատչելիության հղումներ

Փարիզում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը


Այսօր Փարիզի հանրահայտ Հաշմանդամների տուն հուշահամալիրում տեղի ունեցով լեգենդար Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը:

Հաշմանդամների տունը միավորում է Ֆրանսիայի ռազմական պատմությանն առչվող թանգարաններ, այստեղ է գտնվում Նապոլեոն Բոնապարտի դամբարանը:

Ազնավուրի աճյունը պատված էր Ֆրանսիայի ազգային դրոշով: Աճյունը հուշահամալիրի կենտրոնական հրապարակ բերվեց Հայող ցեղասպանության խորհրդանիշերից մեկը դարձած «Դլե յամանի» մեղեդու ներքո՝ դուդուկի կատարմամբ:

Շառլ Ազնավուրի աճյունի կողքին տեղադրված էր Հայաստանի դրոշի գույներով ծաղկեպսակ, զինվորական նվագախումբը կատարեց հայերենով մի երգ:

Ֆրանսիացիները հոգեհանգստի արարողությունն անվանել են «Հարգանքի ազգային տուրք»:

Էմանուել Մակրոնից բացի, արարողությանը մասնակցում էին Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:

Հայաստանի պատվիրակություն կազմում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Իր խոսքով Նիկոլ Փաշինյանը ափսոսանքով նշեց, որ չհասցրեց անձամբ ծանոթանալ Շառլ Ազնավուրի հետ, ով ընդամենը օրեր անց Ֆրանսիայի նախագահի հետ պիտի գար Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

«Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի: Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Վարպետ», - իր խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Էմանուել Մակրոնն իր ելույթում ասաց, որ Ազնավուրը դարձել է Ֆրանսիայի դեմքը․ - «Շառլ Ազնավուրը դարձել է Ֆրանսիայի դեմքը։ Ազնավուրի երգերը նախ և առաջ բառեր են, բառեր, որոնք եկել և դիպել են մեր սրտերին»:

Հոգեհանգստին մասնակցում էր նաև հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը, ով «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ազնավուրն ավելին էր, քան հայ ֆրանսիացի երգիչ: Նա աշխարհի քաղաքացի էր, սիրո դեսպան, ժողովրդի դեսպան: Երբ լսում ես նրա երգերը, հասկանում ես, որ յուրաքանչյուրը սրտիդ մոտ է: Նա գրում էր մարդկանց մասին ու մարդկանց համար»:

Ազնավուրի մտերիմ բարեկամներից էր աշխարհահռչակ Միրեյ Մաթյոն «Ազատության» հետ զրույցում շեշտեց մեծ շանսոնյեի հայկականությունը, հայ լինելը․ - «Այսօր ես տխուր եմ, բայց ինձ համար մեծ պատիվ է խոսել Շառլի մասին, ով աշխարհի ամենահայտնի ֆրանսիացի երգիչն էր: Ես նրա հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Իմ կարիերայի սկզբում նա է գրել իմ առաջին երգը, և ես այնքան հպարտ եմ դրանով: Նա մեծ արտիստ էր: Ասում էր՝ ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ: Նա միշտ էր խոսում Հայաստանի մասին»:

XS
SM
MD
LG