Մատչելիության հղումներ

Մակրոն․ Ազնավուրը մինչև հոգու խորքը ֆրանսիացի էր, ով շատ ամուր թելերով կապված էր իր հայկական արմատներին


«Շառլ Ազնավուրը ցանկանում էր ապրել մեկ դար, նա խոստացել էր իրեն, նա խոստացել էր մեզ, կարծես դա լիներ նրա կյանքի վերջին մարտահրավերը», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ այսօր Փարիզում ելույթ ունենալով աշխարհահռչակ շանսոնյեի հրաժեշտի արարողությանը:

«Տարիքը երբեք նրան չզրկեց անհագ կյանքի ծարավից, ստեղծագործելու, սիրելու, երգելու ցանկությունից, բայց այդ նպատակից մի քանի քայլ առաջ նա հեռացավ», - ասաց Մակրոնը՝ շարունակելով. - «Այս հանկարծակի դատարկությունը հասկացրեց մեզ ակնհայտ մի բան, որ մեկ ամբողջ դար նա էր մեզ ապրեցում, մեր կյանքի դժվարին, դառնության, հույսի պահերին Շառլ Ազնավուրը մեզ մեկնեց սփոփիչ հայելին` իր ստեղծագործություններով, որով նա երկար տարիներ մեր կյանքն ավելի մեղմացրեց, օգնեց դիմակայել կյանքի մարտահրավերներին»:

Նշելով, որ Ազնավուրի երգերն ամառային դատարկ երգեր չէին, որոնք մարդկանց մի պահ ուրախացնում էին և մոռացվում, Ֆրանսիայի նախագահը նշեց՝ Ազնավուրի երգերը միլիոնավոր անձանց համար դարձան սփոփանք, մխիթարանք։

«Նա երգում էր մեզ համար, որպես կյանքի ուղեկցի, պատմում կյանքի դժվարությունների մասին: Առանձնակի ձևով էր խոսում ժամանակի մասին, նրա ստեղծագործությունները միայն տխրություն չէին պատմում, դրանք ներկայացնում էի նաև նրա` գաղթի և աքսորի փորձը: Ասում են, որ աքսորի տարիները կրկնակի են հաշվում, նրա մոտ ֆրանսիացիները շատ արագ նկատեցին դա: Տարիների ընթացքում Շառլ Ազնավուրի ձայնի հնչերանգը մեզ միավորել է` անկախ մեր տարիքից և սոցիալական աստիճանից: Ազնավուրը միավորեց մեզ և դարձավ Ֆրանսիայի դեմքերից մեկը: Ազնավուրի երգերն առաջին հերթին բանաստեղծություններ են, որոնց բառերը եկել և դիպչել են մեր սրտերին, այդ բանաստեղծությունների վերնագրերը, և երգերի կրկներգերը դարձել են մեզ համար ժառանգություն», - ասաց Մակրոնը:

Էմանյուել Մակրոնի խոսքով՝ Ֆրանսերեն լեզուն է դարձել Ազնավուրի համար այն ակունքը, կապը, որ հյուսել է Ֆրանսիայի հետ։

«Հենց այս ձևով է, որ հաստատվում է արվեստագետի հանճարը: Ֆրանսերեն լեզուն է դարձել Ազնավուրի համար այն ակունքը, կապը, որ հյուսել է Ֆրանսիայի հետ: Հայ գաղթականների որդին, որը կրթություն չստացավ, բնազդաբար հասկացավ, որ Ֆրանսիայում լեզուն պետություն է պետության ներսում: Դերասանի որդին դարձավ փարիզեցի, սկզբում սկսեց հանդես գալ կինոյում, դժվարություններով, երբեմն կարճ երկխոսություններով, սակայն նա երբեք չէր հավակնում դառնալ դերասան: Այնուհանդերձ, նա նկարահանվեց վաթսուն ֆիլմերում, որոնցում շատերը դարձան գլուխգործոցներ: Նա միշտ եղել է երիտասարդների կողքին, եղել բաց՝ նոր երաժշտությունների, ձայների, գաղափարների հանդեպ: Նա երիտասարդ արվեստագետների համար գրեց մինչև վերջ, շարունակում էր օգնել, աջակցել նրանց՝ այդպիսով սերունդների միջև հաստատելով կամուրջներ: Այդպես էր նա պատկերացնում Ֆրանսիան, որովհետև գիտեր, թե որքան է Ֆրանսիան կապված ամբողջ աշխարհի հետ: Նա երգեց ութ լեզուներով, բայց հանրությանն ամենուրեք ֆրանսերեն լեզվով մատուցեց իր երգերը, քանի որ ֆրանսերեն լեզուն հույսի, սիրո, պոետների, արտիստների և փիլիսոփաների լեզուն է», - իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահը։

Ըստ Մակրոնի, բոլոր առաքելություններից Ազնավուրը նախընտրում էր հավատարմությունը. հավատարիմ էր ծնողներին, կնոջը, ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին և անծանոթներին, նա հավատարիմ էր նաև Հայաստանին:

«Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը, նաև այն առատաձեռն զավակը, որ օգնության ձեռք մեկնեց 1988 թվականի երկրաշարժից տուժածներին: Նրա այդ հանձնառությունն այսօր շարունակում է «Ազնավուր» հինադրամը` ի նպաստ հայերի, Հայաստանի, ֆրանս-հայկական բարեկամության: Չնայած այն ցավին, որ թողեց ցեղասպանությունը` Ազնավուրը շարունակեց իր գործողությունները և ձևավորեց իր պայքարը: Ազնավուրը մշտապես երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին՝ ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնց փորձել են լռեցնել: Հավատարիմ մնալով իր արմատներին` նա մեզ ցույց տվեց իր ֆրանսիական հոգու մեջ օտարազգու փոքրիկ մասնիկը: Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպված լքեցին իրենց երկիրը և եկան ապաստան գտնելու մեզ մոտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք եք», - ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Մակրոնը նշեց, որ հաջորդ շաբաթ Շառլ Ազնավուրն իրենց հետ պետք է լիներ Երևանում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, և նրա տեղը, Ֆրանսիայի նախագահի խոսքով, բացակա կմնա:

«Թո՛ղ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունն արժանի լինի նրա տված դասերին: Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում», - ասաց Մակրոնը:

Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ օրը Հայաստանում սուգ է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG