Շահեն Հարությունյանն ընդգծում է, որ հարկադրված է գնում այս քայլին․ - «Այն բոլոր բաց նամակներս, այն բոլոր խնդրագրերս, հորդերս, կոչերս նոր իշխանություններին մնացին անպատասխան։ Ես նախապես ասել էի, որ մինչև հոկտեմբերի 7-ը ոչինչ չեմ ձեռնարկելու, բայց քանի որ ամբողջական լռություն և անտարբերություն է նշածս երկու հարցերի վերաբերյալ, ինձ այլ ելք չի մնում, քան դուրս գալ խաղաղ ու օրինական բողոքի ցույցերին։ Հստակ արձանագրենք՝ սա իշխանության դեմ չի, սա Նիկոլ Փաշինյանի դեմ չի: Սա ուղղակի մեր պահանջն է նոր ձևավորված իշխանությանը»:
Թե որքան կշարունակվեն բողոքի ակցիաները, Շահեն Հարությունյանը դեռևս չի նշում, բայց ընդգծում է, որ եթե իշխանությունն իրենցից ժամանակ խնդրի, ապա կհամաձայնեն՝ պայմանով, որ խոստումները կատարեն։ Հակառակ դեպքում կշարունակեն բողոքի ակցիաները․ - «Շատերն են ասում, թե ժամանակ չունի, մի վռազեք, համբերեք, թողեք թող աշխատեն։ Հիմա ես այդ ասողներին եմ դիմում՝ էս աշխարհում բացի նյութական բարիքներից, բացի նյութական պայմանների բարելավվումից և այլ հարցերից կան ավելի վեհ բաներ։ Կա ազատություն, ընտանիք։ Ինչպե՞ս կարելի է ազատության հարցը կամ մի կալանավորի հարցը, որ պիտի վերադառնա իր ընտանիք, հետին պլան մղել, ինչ ա թե վարչապետը զբաղված է նյութական բարելավվումներով կամ երկրի որոշակի հարցերի լուծմամբ»։
Շանթ Հարությունյանը գրեթե հինգ տարի ճաղերի հետևում է և դեռ մեկ տարի էլ կմնա անազատության մեջ:
2013-ի նոյեմբերի 5-ին Հարությունյանը և նրա գաղափարակից մի քանի ընկերներ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով երթ էին նախաձեռնել, որը, սակայն, ընդհատվեց Մաշտոցի պողոտայում, ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Այս գործով 14 մարդ դատապարտվեց, այդ թվում նաև՝ Հարությունյանի անչափահաս որդին:
Խորհրդային տարիներին այլխոհության համար ազատազրկված իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատում է, որ քաղբանտարկյալների գործը լռության է մատնվել։ Նրանց գործերը պետք է վերանայվեն և արդարացվեն բոլորը, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։
Իրավապաշտպանը կարծում է, որ պետական որոշ կառույցներ թերացել են, առաջին հերթին՝ դատախազությունը․ - «Նոր իրավիճակում պետք է անպայման այդ գործերը վերանայվեին՝ դատախազության նախաձեռնությամբ առաջին հերթին, և վաղուց պետք է վերջակետ դրված լիներ։ Բայց էսօրվա դրությամբ դեռ Շանթը բանտում է, Շանթի ընկերները դեռ քաղբանտարկյալի կարգավիճակում են, ուղղակի՝ այլ ռեժիմով»։
Իրավապաշտպանն ընդգծում է, թե այս հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քայլն արդեն իսկ կատարել է․ - «Վարչապետի մակարդակով հայտարարվել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Եվ թե հայտարարվել է, էդ խնդիրը պետք է լուծվի։ Վարչապետն իր քայլն արել է, մնում է, որ ներքևում գտնվող կառույցները իրենց քայլն անեն։ Մի կարևոր հանգամանք նշեմ։ Վարչապետը հայտարարել էր, որ Հայատսանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։ Նա երբևէ չի հայտարարել, որ Հայաստանում եղած քաղբանտարկյալների պահման ռեժիմները պետք է փոխվեն։ Նա ասել է չպետք է լինեն։ Սա միանշանակ հայտարարություն է, և այդ հայտարարությունը իշխանությունների կողմից պետք է կյանքի կոչվի»։